Այսպիսի իրողությունը նոր հանցագործությունների համար պարարտ հող է ստեղծելու․ Մանե Թանդիլյանը՝ Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին

Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ երկու երկրների միջև խզված դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին։ Այս մասին հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Երկրների միջև դիվանագիտական կապը խզվեց 2012-ին, երբ Հունգարիան արտահանձնեց հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որը հայրենիք վերադառնալուց հետո հայտնվեց ազատության մեջ։

Ուղղակիորեն համագործակցելով Ադրբեջանի իշխանությունների հետ՝ Հունգարիայի այս քայլը ոչ այլ ինչ էր, քան աջակցություն մարդկության դեմ իրականացվող հանցագործություններին, ոճրագործություններին և էթնիկ զտման քաղաքականությանը։

Այսօր Հայաստանի համար ամենակարևոր ուղղություններից մեկում՝ դիվանագիտական ասպարեզում նման նախաձեռնությունից առաջ պետք է հստակ ամրագրել, որ առանց համապատասխան պատժի, համապատասխան քայլերի և դատապարտող գործողությունների ու հայտարարությունների, այսպիսի իրողությունը նոր հանցագործությունների համար պարարտ հող է ստեղծելու։

Համամարդկային արժեքները Եվրամիության երկրի կողմից ոտնահարելը նաև Արցախում էթնիկ զտման քաղաքականության անուղղակի աջակցություն է եղել և մնում»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել