Ազգային ժողովի պատգամավոր Իշխան Սաղաթելյանն այսօր՝ դեկտեմբերի 2-ին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ իր մանդատը վայր դնելու քննարկումներ եղել են, սակայն ՀՅԴ գերագույն մարմինը կայացրել է որոշում, որ «Հայաստան» խմբակցության դաշնակցական բոլոր պատգամավորները պետք է մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին:
«Հետևաբար ես իմ մանդատը վայր չեմ դնելու, եթե դնեինք՝ դնելու էինք բոլորս: Եթե որոշել ենք, որ մասնակցում ենք՝ մասնակցում ենք բոլորս: Ընդդիմությունն այսօր իր օրակարգով ունի արտահերթ նիստ, ես եկել եմ մասնակցելու»,-նշեց նա:
Պատգամավորը նաև Դաշնակցության անունից ասաց, որ իրենք չեն ենթարկվելու որևէ ճնշման և մինչև վերջին շունչը շարունակելու են իրենց պայքարը:
«Ես շարունակում եմ պնդել, որ այս իշխանությանը հեռացնելու համար պետք է շարունակել փողոցային պայքարը: Իրենց պետք է հեռացնել համաժողովրդական մեծ ընդվզմամբ: Խորհրդարանն ընդամենը միջոց է»,-ասաց Իշխան Սաղաթելյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե իր ընտանիքի անդամների նկատմամբ ճնշումներ են գործադրվում, պատգամավորն ասաց, որ հատկապես վերջին 6 ամսվա ընթացքում իր ընտանիքի անդամները ենթարկվում են հակաօրինական, ապօրինի ճնշումների:
«Քրեական գործեր, խուզարկություններ, հարցաքննություններ, ինչ կարողանում են, անում են: Հայրս էլ է հարցաքննվել, հարազատներիս ընկերություններ էլ են մտել: Հորս փորձում են մեղադրանք առաջադրել: Այս մասին ես չեմ խոսում, որովհետև այս երկիրն առաջնահերթ հարցեր ունի: Ընդամենը մի բան ասեմ՝ իմ հերն ինձ ասել է՝ տղա ջան, այս պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու, ինչ կարող են թող անեն»,-նշեց նա: