Այս տարի տոնական լուսավորությունը լինելու է բացառիկ։ Տոնական լուսավորությունը կմիանա Մանկական Եվրատեսիլի բացմանը զուգահեռ՝ դեկտեմբերի 5-ին, կմիանան քաղաքի գլխավոր տոնածառի լույսերը, 7 տարբեր վայրերում՝ Հանրապետության Հրապարակում, Մաշտոցի պողոտայում, Աբովյան փողոցում, Հյուսիսային պողոտայում, Հաղթանակ և Կիևյան կամուրջների վրա, Համալիրում տեղակայված մասշտաբային լուսավորության համակարգերը, ինչպես նաև վարչական շրջաններում։
Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Երևանի քաղաքապետարանի կողմից 2023 թվականին ընդառաջ իրականացվող ամանորյա լուսավորության աշխատանքների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Լուսավորման աշխատանքներն իրականացվել են մասնագետների կողմից։ Շենքերին փակցման հետ կապված, համաքաղաքացիների անհանգստությունը վստահաբար փարատվելու է, քանի որ աշխատանքային խմբերից մեր առաջնային պահանջը եղել է այն նվազագույն միջամտությունը, որն արվում է, հետագայում նաև շենքերի անվնաս վերադարձը նախնական տեսքին։ Ասեմ ավելին՝ տվյալ թեմայի շուրջ շատ են եղել շահարկումներ և դեռևս շատ հին ժամանակներից այդ շենքերի վրա տարատեսակ անցքեր, մետաղյա ձողեր են մնացել, որոնց վերացման աշխատանքները նույնպես մեր ուշադրության կենտրոնում են լինելու գարնանը։ Եվ առհասարակ՝ պատմամշակութային հուշարձանների հետ կապված մենք գարնանը մեծ ծրագիր ունենք, որի վերաբերյալ կհասցնենք խոսել»,-ասաց Ավինյանը։
Նրա խոսքով՝ տոնական միջոցառումների ևս մի կոմպոնենտ է լինելու Սուրբ Ծնդդյան տոնավաճառի անցկացումը, որը տեղակայված կլինի Երևանի հիմնադրման 2750-ամյակին նվիրաված շատրվանների պուրակում և գործելու է դեկտեմբերի 5-ից մինչև 2023 թվականի հունվարի 6-ը։
Փոխքաղաքապետը նշեց, որ միջոցառումների վերջին հատվածը նվիրված է լինելու համերգային ծրագրին, որտեղ ճանաչված և ոչ այնքան մեծ ճանաչում ունեցող արտիստներ, խմբեր են հանդես գալու։ «Մեկնարկը կտրվի դեկտեմբերի 9-ին և վերջին համերգը լինելու է 2023 թ․ հունվարի 6-ին։ Ունենալու ենք 7 համերգ, որոնք տեղի են ունենալու 2750-ամյակին նվիրված պուրակում և ունենալու ենք մեծ գալա համերգ՝ դեկտեմբերի 31-ին, ժամը 23։00-ին, Հանրապետության Հրապարակում, որտեղ բոլորս մասնակից ենք լինելու։ Վստահ եմ, որ այս համերգների շարքը նույնպես տպավորոիչ է լինելու իր ծավալով, բովանդակությամբ։ Հուսով եմ, որ մեր երևանցիները, մեր հյուրերը կհավանեն այն, ինչ տեղի է ունենալու։
Այս տոնական միջոցառումների ծրագրով մենք ընդգծում ենք Երևանի հատուկ դերը՝ ապահովելու համար ամանորյա տոնական վարակիչ մթնոլորտը ողջ երկրում, որովհետև մենք այդ մթնոլորտը շատ-շատ երկար ժամանակ է չենք ունեցել և Երևան քաղաքը փորձում է վերականգնել այդ տրամադրությունը»,-ասաց Տիգրան Ավինյանը։