Դատարանը հրապարակեց «պատմության ուսուցչի» գործով դատավճիռը․ Ռուբեն Մելիքյան

Դատարանը (նախագահող դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) այսօր հրապարակեց «պատմության ուսուցչի» գործով դատավճիռը։ Այս մասին հայտնում է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

««Բռնության կոչերի» հոդվածով Հակոբ Գրիգորյանը դատապարտվեց 150 հազար դրամ տուգանքի։

Հաշվի առնելով դատավորի հետագիծն ու հանրային ընկալումը՝ մեղադրական դատավճիռը մեզ համար անակնկալ չէր։ Մենք բնականաբար համաձայն չենք դատավճռին, և վստահորդիս հետ կքննարկենք դատական ակտի բողոքարկման հարցը միայն դրա ամբողջական տեքստը ստանալուց հետո. մեզ շատ հետաքրքիր է, թե ինչ փաստարկներով է դատարանը հերքել մեր պնդումները։

Հ․Գ. Այս գործը իրավապաշտպանական հիմունքով ստանձնել եմ շուրջ տասը ամիս առաջ՝ լրագրողների «ահազանգով» առ այն, որ ն.փաշինյանի նկատմամբ «բռնության կոչի» համար դատարանի առջև է կանգնել մի ուսուցիչ, որը պաշտպան չունի։ Հավատամքս այն է, որ Հայրենիք հանձնողների դեմ արտահայտվող ու դրա համար ռեժիմի կողմից հետապնդման ենթարկվող ոչ ոք չպետք է իրեն միայնակ ու լքված զգա, և ուժերիս ներածին չափով փորձում եմ ապահովել այդ գաղափարը»,-նշել է նա։

Հիշեցնենք՝ Գրիգորյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևանի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ, 7-րդ դասարանի պատմության դասաժամին աշակերտների ներկայությամբ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան եւ նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել