Ադրբեջանական տեղեկատվական աղբյուրները, ի շարունակություն երեկ տարածած ապատեղեկատվության, թե իբրև ռուս խաղաղապահները Լաչինի միջանցքով «օտարերկրյա գործակալների» թողնում են մտնել Արցախ, այսօր «բացահայտել են», որ այդ 14 հոգին Իրանի քաղաքացիներ են, որոնք գաղտնի առաքելությամբ մտել են Արցախ: Այս մասին գրառում է կատարել ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։
««Նրանք ուղարկված են ահաբեկչական–դիվերսիոն գործողությունների աջակցելու և կոնկրետ Ադրբեջանի դեմ դիվերսիաներ նախապատրաստելու համար: Նրանք նաև սովորեցնելու են Ղարաբաղում մնացած ահաբեկիչներին օգտվել իրանական զենքներից: Այդ մարդիկ անկասկած Իրանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են»,–նշում են ադրբեջանական տեղեկատվական աղբյուրները՝ հավելելով, որ «սպասվում է՝ Բաքուն պետք է խիստ արձագանքի այս ամենին»:
Այս ապատեղեկատվական թնջուկի ի՞նչն է հետաքրքրական, որ փաստացի միանգամից մի քանի թիրախներ են ընտրում՝ ռուս խաղաղապահներին, Իրանին, նաև, իհարկե, Արցախի մեր հայրենակիցներին: Ամենից վտանգավորը մեզ համար այն ռիսկերն են, որոնք ստեղծվում են Արցախում ապրող մեր հայրենակիցների համար: Ես այս թեմայի մասին շարունակ գրում եմ և ներկայացնում՝ հույս ունենալով, որ մեր կողմը կանխարգելիչ քայլեր կձեռնարկի՝ փորձելով չեզոքացնել ռիսկերը»,-գրել է նա: