Տունս կառուցել եմ, բայց չեմ կարողանում այնտեղ ապրել․ շուրջ 3 տարի է «Վեոլիա Ջուր»-ը չի կատարում ջրագծի մոնտաժման աշխատանքները. Արկադի Խարաջյան

«Վեոլիա Ջուր» ընկերության գործունեությունից դժգոհող քաղաքացիները շարունակում են ահազանգել իրենց խնդիրների մասին:

Արկադի Խարաջյանը Iravaban.net-ի հետ զրույցում պատմեց, որ «Վեոլիա Ջրից»- շինթույլտվություն է ստացել Առինջ համայնքում տուն կառուցելու համար: Երբ սկսել է հիմքը փորել, հարևաններն իրեն ասել են, որ այդ հատվածով ջրի խողովակ է անցնում, և եթե շարունակի աշխատանքներն, ապա կվնասի:

«Դիմեցի «Վեոլիա Ջուր» ընկերությանը, ասացի, որ ինձ շինթույտվություն են տվել, հարևաններն ինձ զգուշացրել են, որ ջրի խողովակ է անցնում: Հետո ինձ «Վեոլիա Ջրից» մի քանի տեղ ուղարկեցին, երբ էլ տեղ չկար ուղարկելու, ասացի՝ ինձ հստակ պատասխան տվեք, կարո՞ղ եմ քանդել, թե ոչ, եկեք հասկանանք: Ինձ ասացին, որ պատասխանի համար պաշտոնական նամակ գրեմ: Գրեցի: Հետո զանգեցին «Վեոլիա Ջրից», ասացին՝ ինչպե՞ս պետք է գտնենք այդ հասցեն, ինչպե՞ս պետք է գնանք այդտեղ: Պարզ ասում եմ, որ հասցեն գրված է, մի՞թե այդ տարածքը սպասարկող մարդիկ չեն կարողանում գտնել հասցեն: Ի վերջո, հասավ այնտեղ, որ ես իմ անձնական փոխադրամիջոցով իրենց աշխատակիցներին բերեցի նշված հասցեն: Նայեցի, ասացին՝ այո, կա խողովակ, հետո ասացին՝ ոչ, չկա, ի վերջո որոշեցին, որ կա»,-պատմում է մեր զրուցակիցը:

Որոշ ժամանակ անց Արկադի Խարաջյանը պատասխան է ստանում, որ այն հատվածում, որտեղ պատրաստվում է տուն կառուցել, ջրի խողովակ է անցնում:

«Որպես ադեկվատ մարդ, իմ քայլն արեցի, փոխեցի տան նախագիծը, որ չվնասվի խողովակը և մարդիկ չզրկվեն ջրից: Այդ հարցը չսարքեցի խնդիր և սկսեցի տունը կառուցել: Երբ դիմեցի, որ արդեն իմ տանն էլ ջրագծի մոնտաժման աշխատանքներն անեն, ասացին, որ խնդիր կա, այդ հատվածով անցնող խողովակը պետք է հանեք, որպեսզի ձեզ ջուր տանք: Իրենք ինձ անտրամաբանակ բան էին առաջարկում, քանի որ, եթե ես սկսեի քանդել այդ խողովակը՝ արդեն հարևաններն էին ջրի խնդիր ունենալու: Երբ իրենց բացատրեցի, որ անիմաստ գործողություններ են դրանք, իրենք չգիտեին  ինչ պատասխանեն, բայց հասկանում էին, որ ինձ պետք է ջուր չտան. սկսվում է քաշքշուկ»,-ասում է Արկադին:

Նա պահանջել է, որ իրեն տրամադրեն այն իրավական հիմքերը, որոնց հիման վրա իր տան ջրի միացումները չեն անում:

«Ներքին կարգով ինձ ասում են, որ իմ տարածքով անցնող հարևանի խողովակից կարող եմ ջուր վերցնել: Գնացի հարևանիս ասացի, որ նման խնդիր ունեմ, ես թույլ եմ տալիս, որ իր ջրի խողովակն անցնի իմ տարածքով, ինքն էլ թույլ տա, որ ես էլ այդ խողովակից ջուր ստանամ: Այդ մարդը միանգամից համաձայնությունը տալիս է, ինչ թուղթ պետք է՝ գրում, տալիս է: Այս գրությունը տանում ենք «Վեոլիա Ջուր», իրենք էլ երկար-բարակ մտածում  են և նորից են մերժում: Ի վերջո ինձ տվեցին մի նախագիծ, որտեղ նշված խողովակը պատկերված էր փողոցի հատվածում, ես պայմանագրով նախատեսված գումարը վճարեցի, որ գան սկսեն քանդման և տեղափոխման աշխատանքները: Պայմանագրի ավարտին մնացել էր մեկ օր, բայց դեռ ոչ ոք չէր եկել, զանգահարեցի իրենց, ասացի, որ գան սկսեն աշխատանքները: Եկան, սկսեցին քանդել փոսը, կարճ ժամանակ անց տրակտորի վարորդը զանգեց ինձ ու ասաց, որ իրեն «Վեոլիա»-ից ասել են՝ էլ ոչինչ չանի: Հերթական անգամ դիմում եմ «Վեոլիա Ջուր» ընկերությանը ու էլի ոչ մի պատասխան: Ստացվում է՝ ես իրենց վճարում եմ, իրենք աշխատանքը կանգնեցնում են»,-պատմում է Արկադի Խարաջյանը:

«Վեոլիա Ջրից» ի պատասխան իր դիմումի, հայտնում են, որ նշված հասցեները սնուցող ջրագծերն ընդգրկված չեն իրենց կողմից սպասարկող գույքի ցանկում:

Արկադին ընդգծում է, որ այդ ջրագծերն անցնում են իր տարածքով, առանց իր թույլտվությամբ:

Նա նշում է, որ այս աշխատանքի համար վճարել է շուրջ 126 հազար դրամ, սակայն աշխատանքները կիսատ են մնացել: Այնուհետև նորից դիմել է ընկերությանը և կրկին նոր նախագիծ է ստացել:

«Նոր նախագծի համաձայն այդ 600 միլիմետրանոց խողովակը պետք է իմ տարածքից դուրս հանվեր և փողոցի վրա տեղափոխվեր իմ միջոցներով: Այդ գործողության համար հարկավոր է 40 միլիոն դրամ, այսինքն ես պետք է այդ գումարը վճարեմ, ամբողջ փողոցի խողովակը փոխեմ, որ ջուր ունենամ: Ստացվում է, որ ես իմ տունն ու հողամասը պետք է վաճառեմ, որ այդ նախագիծն իրականացնեմ: Ասում եմ, ո՞նց է ստացվել, որ այդ տարածքում բոլորը ջուր ունեն, բացի ինձնից, ինձ պատասխանում են, որ դա ծանրաբեռնված հող է և պետք է խողովակը հանեմ»,-ասում է Արկադի:

Երբ նրա խնդիրը երկար ժամանակ լուծում չի ստանում, սկսում է տեղեկություններ ստանալու համար նոր դիմումներ ներկայացնել «Վեոլիա Ջուր» ընկերությանը՝ հասկանալու համար, թե ինչու ընկերությունը չի կատարում իր պարտականությունները:

«Իրենց հարցնում եմ, թե ինչու՞ պետք է քաղաքացին իր միջոցներով տեղափոխի իրենց աշխատակիցներին, ով է ինձ շինթույլտվություն տվել, եթե այդ հատվածում կար խնդիր: Ինձ պատասխանում են, որ այդ հարցերն իրենց ներքին կառավարման խնդիրն է և պարտավոր չեն բացատրություն տալ»,-նշում է Արկադին:

Նրա խոսքով՝ «Վեոլիա Ջուր» ընկերությունը նամակ է գրում ՏԿԵՆ Ջրային կոմիտեին, ներկայացնելով՝ իր խնդիրը:

«Ընկերությունից Նամակի պատճենը ուղարկում են ինձ, 2 ամիս անց ասում են, որ նամակի պատասխանը ստացել են, որը ոչ մի կերպ չի հասնում ինձ, «Վեոլիա»-ից ինձ ասում են, որ իրենց դիրքորոշումն անփոփոխ է ու վերջ: Կապ եմ հաստատում Ջրային կոմիտեի իրավաբանական վարչության հետ: Ասում եմ, որ ինձ չի հասել նամակի պատասխանը և խնդրում եմ, որ ներկայացնեն, թե ինչ է գրված եղել «Վեոլիա Ջուր» ընկերության նամակի պատասխան նամակում: Իրենք ինձ ասում են, որ դա ուղղված է եղել ընկերության տնօրենին և պարտավոր չեն պատմել, թե ինչ է գրված եղել նամակում: Ասացին՝ նամակով դիմեք, մենք կպատասխանենք ձեր հարցերին»,-ասաց Արկադին:

Նա նաև դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին և կրկին ստացել է իրեն չբավարարող պատասխան, իսկ Ջրային կոմիտեից այդպես էլ պատասխան չի ստացել:

Արկադի Խարաջյանի խնդիրն արդեն շուրջ 3 տարվա պատմություն ունի և բազմաթիվ դիմումներից հետո էլ դեռ լուծում չի ստացել: Նա նշում է, որ արդեն ավարտել է իր տան կառուցման աշխատանքները, բայց չի կարողանում այնտեղ ապրել, քանի որ ջրագիծ չի կարողանում անցկացնել:

Նրա խոսքով՝ պատրաստվում է դատական հայց ներկայացնել, քանի որ խախտվել են իր իրավունքները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել