ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ նոյեմբերի 19-ին, 20-ին և 26-ին կայացել է պալատի ընդհանուր ժողովը, որի շրջանակում տեղի են ունեցել խորհրդի անդամների և պալատի նախագահի ընտրություններ։ Մասնագիտական հանրության համար կարևոր իրադարձությանը մասնակցել են նաև Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը, տեղակալներ Նունե Պետրոսյանը և Դավիթ Գրիգորյանը, խորհրդական Արտավազդ Թարխանյանը և պալատին անդամակցող կոմիտեի մյուս աշխատակիցները։ 111 ձայն հավաքելով պալատի նախագահ է ընտրվել Ալեքսանդր Բադալյանը, ձևավորվել է 17 անդամից բաղկացած խորհրդի նոր կազմը։
Ընդհանուր ժողովին կոմիտեի նախագահը հանդես է եկել ելույթով և կարևորել Քաղաքաշինության կոմիտեի ու Հայաստանի ճարտարապետների պալատի սերտ համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել քաղաքաշինական մի խումբ հարցերի կանոնակարգումը։ Արմեն Ղուլարյանը երախտագիտության խոսքեր է ասել պալատի նախկին նախագահ Մկրտիչ Մինասյանին և խորհրդի անդամներին՝ մասնագետներին համախմբելու, ոլորտային խնդիրների և դրանց լուծման ուղիների վերաբերյալ նրանց ձայնը լսելի դարձնելու համար։ Մկրտիչ Մինասյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահի կողմից պարգևատրվել է «Ալեքսանդր Թամանյան» ոսկե մեդալով:
Կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ՝ ունենալով մեծ ներուժ՝ Ճարտարապետների պալատի ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական գործընթացներին կարող է ավելի տեսանելի և ընդգրկուն լինել. «Կառույցը պետք է լինի ոչ միայն խնդրի հետևանքների մասին բարձրաձայնող, այլև առաջին հերթին նախաձեռնող՝ առաջարկելով նոր գաղափարներ, առաջադրելով ժամանակի պահանջներին համահունչ զարգացման ծրագրեր։ Պալատը կարող է մասնագիտական ազնիվ մղումով, բազմակարծության սկզբունքով, բայց նաև համախմբվածությամբ անմիջական մասնակցություն ունենալ խնդիրների կանոնակարգմանը»: Նա ընդգծել է, որ պալատը կարող է երիտասարդ ճարտարապետների համար հետաքրքիր դարբնոց լինել. «Իմ խորին համոզմամբ՝ Ճարտարապետների պալատը պետք է համախմբի ինչպես տարիների վաստակ ունեցող, այնպես էլ նոր գաղափարներով տոգորված երիտասարդ, խոստումնալից մասնագետներին, ովքեր նոր լիցք կհաղորդեն մասնագիտական մտքի զարգացմանը»:
Նկատելով, որ Ճարտարապետների պալատի խորհրդի նոր կազմին և նախագահին պատասխանատու աշխատանք է սպասվում՝ Արմեն Ղուլարյանը վստահեցրել է, որ Քաղաքաշինության կոմիտեն շարունակելու է կիսել մասնագիտական հանրության մտահոգությունները և ականջալուր լինել ոլորտային խնդիրների մասին նրանց դիտարկումներին. «Համոզված եղեք, որ կոմիտեն մշտապես սատարելու է մասնագիտական շրջանակից եկող առարկայական առաջարկների, գաղափարների կյանքի կոչմանը»:
Քաղաքաշինության կոմիտեի նախագահը ելույթը եզրափակել է՝ նոր կազմին և ղեկավարին մաղթելով հաջողություն, տոկունություն, համարձակ գործելու վստահություն և քայլ առաջ կատարելու միասնական կամք: