Սիրելի հայրենակիցներ, տեղեկացնում եմ, որ այսօր ներկայացրել եմ պատգամովարական մանդատից հրաժարվելու իմ դիմումը։ Այս մասին հայտարարություն է տարածել պատգամավոր Ելենա Կիրակոսյանը։
«Հանդիսանալով «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ, կուսակցությունը սույն թվականի նոյեմբերի 28-ին որոշում է կայացրել դադարեցնելու իր գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։ Այս որոշումը երկար քննարկումների և խորհրդի անդամների կոնսենսուսի արդյունք է։ Մեր կուսակցության ներկայացուցիչներն արել են ամեն բան ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս առկա խնդիրները բարձրաձայնելու համար։ Եվ, այնուամենայնիվ, այսօր մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ բոլոր այն հիմքերը, որոնք ստիպում էին բոյկոտել ԱԺ աշխատանքներն ամիսներ առաջ, շարունակում են արդիական մնալ նաև այսօր։ Հիմք ընդունելով այդ մոտեցումը, որոշում է կայացվել կուսակցության գործունեությունը շարունակել ըննդիմադիր դաշտում իբրև արտախորհրդարանական ուժ՝ հավատարիմ մնալով կուսակցության կողմից հռչակված արժեքներին ու քաղաքականությանը։
Ես, իմ պատգամավորական գործունեության ընթացքում, փորձել եմ բարձրաձայնել բոլոր այն խնդիրները, որոնք ծառացած են մեր երկրի առջև, փորձել եմ օգտակար լինել բոլոր այն քաղաքացիներին, որոնք այս կամ այն հարցում իմ աջակցության և միջամտության կարիքն են ունեցել։ Եղել եմ և շարունակելու եմ լինել ազնիվ իմ սկզբունքների մեջ։
Բարձր գնահատելով այն անցած ուղին, որ ունեցել ենք «Հայաստան» խմբակցության գործընկերների հետ, ցանկանում եմ, շնորհակալություն հայտնել համատեղ անցած ճանապարհի և համատեղ կատարած աշխատանքի համար՝ մաղթելով հաջողություն իրենց գործունեության և պայքարի մեջ։
Աստված պահապան բոլորիս»,-նշել է նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի 2022 թվականին նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունը ՀՀ Ազգային ժողովում։
Կուսակցության անդամ չորս պատգամավորներից երեքը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ: Զեմֆիրա Միրզոևան կշարունակի պատգավորական գործունեությունը՝ սեփական դիմումի համաձայն ժամանակավորապես սառեցնելով կուսակցությանն իր անդամությունը։