Ա․ Այվազյանը հայցադիմում է ներկայացրել Լոռու ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Գազպրոմ Արմենիա»-ի և ընկերության Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (ԳԳՄ)։ Գործը մակագրվել է դատավոր Նանե Սահակյանին։
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ 2021-ի ապրիլին հայցվորի հաշվառքի սարքի պլանային փոխարինում է կատարվել, որի կապակցությամբ կազմվել է առևտրային հաշվառքի սարքի տեղադրման (փոխարինման) ակտ, ըստ որի՝ հաշվիչի խախտում արձանագրված չի եղել, գազահաշվիչի և հատուկ պաշտպանիչ արկղի կապարակնիքները վնասված չեն եղել:
Այնուհետև, Լոռու ԳԳՄ-ի կողմից հայցվորին ուղարկվել է «Ծանուցում» վերտառությամբ փաստաթուղթ, որում նշվել է հաշվիչի իրանի և համրման սարքի բացումից և վերլուծությունից հետո արձանագրված ենթադրյալ խախտման մասին արտաքին միջամտության պատճառով, այն է՝ ծակված-փակված է չափիչ մեխանիզմի միջնապատը, աղտոտված է համրման սարքը։ Նշվել է նաև, որ վերահաշվարկված գազի արժեքը կազմել է 63.940 դրամ:
Հայցվորի ներկայացուցիչը հայտնել է, որ կազմված գազահաշվիչի փորձագիտական հետազոտության արդյունքների վերաբերյալ եզրակացության «նախնական ստուգաչափման արդյունքներով գազահաշվիչի սխալանքի շեղումը թույլատրելի տիրույթից կազմում է» տողում դրված է գծիկ և առհասարակ նշված չէ, թե որքան է կազմում գազահաշվիչի սխալանքի շեղումը, և արդյոք արձանագրված խախտումները հանգեցրել են հայցվորի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման:
Եզրակացության համաձայն՝ արտաքին միջամտության պատճառով առաջացել է «առևտրային հաշվառքի սարքի խախտում»: Հայցվորը նշում է, որ այդուհանդերձ, արձանագրված խախտումները չեն հանգեցրել հայցվորի ծախսած բնական գազի սխալ հաշվառման, ինչի մասին վկայում է այն, որ եզրակացությունը տեղեկություն չի պարունակում այն մասին, թե որքան է կազմում գազահաշվիչի սխալանքի շեղումը, և արդյոք արձանագրված խախտումները հանգեցրել են հայցվորի ծախսած բնական գազի քանակի սխալ հաշվառման:
Վերոգրյալի հիման վրա հայցվորի ներկայացուցիչը խնդրել է անհիմն ճանաչել «Գազպրոմ Արմենիա»-ի կողմից Ա․ Այվազյանին լրացուցիչ 63.940 դրամ գումար վճարելու պարտավորության առաջադրումը:
«Գազպրոմ Արմենիա»-ի կողմից ներկայացվել է հայցադիմումի պատասխան, որի համաձայն՝ մատակարարի աշխատողները, պլանային ստուգաչափման նպատակով, փոխարինել են հայցվորի բնակարանի գազասպառման համակարգում տեղադրված գազահաշվիչը, որի վերաբերյալ կազմվել է առևտրային հաշվառքի սարքի տեղադրման (փոխարինման) երկկողմ ստորագրված ակտը:
«Գազահաշվիչը սահմանված կարգով ուղարկվել է ստուգաչափման: Չափագիտության ազգային ինստիտուտի եզրակացությամբ փաստվել է առևտրային հաշվառքի սարքի խախտումը, և պայմանագրի 12-րդ կետի հիմքով իրականացվել է վերահաշվարկ․․․։ Անդրադառնալով հայցվորի այն փաստարկին, որ գազահաշվիչի ապամոնտաժման ժամանակ որևէ խնդիր չի ծագել, թերություններ չեն եղել, պատասխանողը նշել է, որ գազահաշվիչն ապամոնտաժող փականագործները զննել են միայն գազահաշվիչի իրանի արտաքինը և արտաքին վնասվածներ չեն հայտնաբերել, խախտումներ հայտնաբերվել են գազահաշվիչի իրանի բացումից հետո՝ փորձագետի կողմից, լաբորատոր ուսումնասիրության ժամանակ: Միաժամանակ նշել է, որ մատակարարի գնահատմամբ գազահաշվիչի աշխատանքը հանգեցրել է բնական գազի սխալ հաշվառման և գազահաշվիչն ապամոնտաժվել է հերթական պլանային ստուգաչափման ուղարկելու նպատակով, իսկ վերահաշվարկի հիմքը ոչ թե ակտն է, այլ փորձագիտական եզրակացությունը, որով փաստվել է հաշվառքի սարքի խախտումը»,-նշում է պատասխանողը:
Ըստ պատասխանողի՝ թեև առևտրային հաշվառքի սարքերը տեղակայվում են բնակարանից կամ սեփականության տարածքից դուրս, այնուամենայնիվ դա չի սահմանափակում մատակարարի՝ բնական գազի քանակի և գումարի վերահաշվարկ կատարելու և բաժանորդին վճարման պահանջ ներկայացնելու իրավունքը, եթե վերահաշվարկը կատարվել է սահմանված կարգով։
Պատասխանողի կողմից ներկայացվել է նաև դիրքորոշում՝ դատարանի կողմից սահմանված ապացուցման բեռի վերաբերյալ, որում պատասխանողը մասնավորապես նշել է, որ հայցվորի գազասպառման համակարգում տեղակայված գազահաշվիչի նկատմամբ կատարված միջամտությունը հանգեցրել է բնական գազի սխալ հաշվառման։ Պատասխանողի ներկայացուցիչը, ի պատասխան հայցվորի ներկայացուցչի և դատարանի հարցերին, նշել է, որ պատասխանող կողմն ընդունում է, որ խախտումը հնարավոր է, որ Ա․ Այվազյանը չի կատարել, սակայն դա որևէ նշանակություն չունի, քանի որ ցանկացած անձի դեպքում կատարված խախտման դեպքում պետք է կատարվի վերահաշվարկ: Նաև նշել է, որ գազահաշվիչի արկղի կնիքը վնասված չի եղել, իսկ գազահաշվիչի արկղը բացելու հնարավորություն ունեցել է միայն ընկերությունը:
Դատարանը եզրահանգել է, որ անհիմն է ընկերության կողմից հայցվորին առաջադրված լրացուցիչ պարտավորությունը: Այսինքն՝ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման:
Հուլիսի 20-ի վճռով դատարանը բավարարել է հայցվոր Ա․ Այվազյանի հայցն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի՝ «Վերահաշվարկ» վերտառությամբ փաստաթղթով լրացուցիչ գումար վճարելու պարտավորության առաջադրումն անհիմն ճանաչելու պահանջի մասին:
Անհիմն է ճանաչվել նաև լրացուցիչ 63.940 դրամ գումար վճարելու պարտավորության առաջադրումը: Վճռում նշվում է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից հօգուտ Ա․ Այվազյանի պետք է բռնագանձվի 4.000 դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի հատուցման գումար, և 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։
«Գազպրոմ Արմենիա»-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել, նոյեմբերի 3-ին այն վարույթ է ընդունվել։
Վարույթի ընդունումից հետո գործի վերաբերյալ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում թարմացում դեռ չի արվել։