2022 թ․ սեպտեմբերի 13-ից ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքով վիրավորում (վնասվածք) ստացած կամ հոգեկան առողջության խնդիր ձեռք բերած զինծառայողները 500,000 դրամ միանվագ աջակցություն ստանալու համար արդեն իսկ կարող են առցանց եղանակով դիմում ներկայացնել։
Դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է անցնել այս հղմամբ` https://bit.ly/3GOIGdh կամ մուտք գործել socservice.am կայքէջ, ընտրել «Առցանց դիմումներ», ապա «Սոցիալական ապահովություն առցանց դիմումներ», այնուհետև սեղմել «ՀՀ Կառավարության կողմից աջակցության տրամադրման առցանց դիմումներ» պատուհանի վրա և «Վիրավորում ստացած անձանց աջակցության դիմում» պատուհանի «Դիմումի մուտքագրում» բաժնում լրացնել պահանջվող տվյալները։
Հիշեցնենք, որ միջոցառման շահառուները ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած այն անձինք են, ովքեր բուժհաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում են ստացել, չունեն հաշմանդամության խումբ կամ ունեն (կարող են ունենալ) հաշմանդամության երրորդ խումբ: Ֆինանսական օգնությունը կտրամադրվի Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) կողմից՝ շահառուի էլեկտրոնային դիմումի հիման վրա: