Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 9-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել է մայրական և վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունը, մայրական և վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարության 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը։
Iravaban.net-ը Ձեզ է ներկայացնում մայրական և վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությունը՝ ամբողջությամբ։
ՄԱՅՐԱԿԱՆ և ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Նախորդ ռազմավարության կատարման գնահատում
1. ՀՀ կառավարության կողմից 2016 թվականի հունիսի 23-ի N24 արձանագրային որոշմամբ հավանության է արժանացել «Վերարտադրողական առողջության բարելավման ծրագիրը և 2016-2021թթ. գործողությունների ծրագիրը», որտեղ նախատեսվել էին առաջիկա 5 տարիների ընթացքում ոլորտի զարգացման ուղենիշներ և գերակա ուղղությունները: Ռազմավարության շրջանակներում մեկնարկեցին մի շարք ծրագրեր, որոնք ինչպես այսօր, այնպես էլ առաջիկա տարիներին կարևոր դերակատարում կունենան երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավման տեսանկյունից: Մասնավորապես,
1) Կառավարության կողմից հաստատվել է «Առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագիրը», որի շրջանակներում իրականացվում են միջոցառումներ` ուղղված դեռահասների վերարտադրողական առողջության բարելավմանը, ռիսկի խմբի հղիների ախտորոշիչ հնարավորությունների ընդլայնմանը, պերինատալ կորուստների, այդ թվում ինքնաբեր վիժումները, պտղի ներագանդային մահվան դեպքերի նվազեցմանը, անպտղության հաղթահարմանը:
2) Մեկնարկել և տարեց տարի ընդլայնվում է վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ անպտուղ զույգերի բուժման ծրագիրը, որի շրջանակներում շահառուների 6 խումբ ստանում են բուժում`պետական պատվերի շրջանակներում:
3) Ազգային Ժողովի կողմից ընդունվել է «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի կիրառկման արդյունքում ակնկալվում է` անպտղությամբ տառապող ընտանիքների, անձանց` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման հնարավորությունների ընդլայնում, արհեստական սերմնավորման ծառայությունների զարգացման հնարավորությունների մեծացում, այդ թվում մարզային մակարդակում, դոնորների և փոխնակ մայրերի ռեգիստրի ստեղծում և նրանց նկատմամբ սահմանված պահանջների պահպանման վերահսկելիության բարձրացում, երկրի ժողովրդագրական իրավիճակի բարելավում:
4) Կառավարության կողմից հաստատվել են «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքից բխող` վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ոլորտը կանոնակարգող մի շարք ենթաօրենսդրական ակտեր:
5) ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով հաստատվել են մանկաբարձագինեկոլոգիական ծառայության 39 ուղեցույց, որոնք տեղադրվել են բջջային հեռախոսի հավելվածում` AAOG guidlines հղումով` բուժօգնություն իրականացնողների շրջանում դրանց կիրառելիությանունը և հասանելությունը ապահովելու նպատակով:
6) Սկսվել և ընթանում են բժշկական փաստաթղթերի, հաշվառման և հաշվետվական ձևերի վերանայման աշխատանքները` դրանց հետագա թվայնացման և էլեկտրոնային առողջապահության համակարգում կիրառելիությունը ապահովելու նպատակով:
7) Գնահատվել են ծննդօգնության հիվանդանոցային բժշկական կազմակերպությունների ենթակառուցվածքները, կադրային, սարքավորումային հագեցվածությունը, կարողություններն ու հնարավորությունները, որի արդյունքում վերանայվել են ծննդօգնության բժշկական կազմակերպման մակարդակները, դադարեցվել են չափանիշներին չհամապատասխանող ծննդօգնություն իրականացնող մի շարք բաժանմունքների գործունեությունը:
8) Վերջին տարիներին իրականացվել են մի շարք ծրագրային աշխատանքներ, ներդրվել է պրենատալ կոնսիլիումների համակարգը, վերանայվել և կանոնակարգվել է բարձր ռիսկի խմբի հղիների ուղեգրման համակարգը, հստակեցվել ուղեգրման մեխանիզմները, ներդվել մորից երեխային փոխանցվող հեպատիտ Բ-ի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացման ընթացակարգը, մահացած ծնված պտղի և մահացած նորածնի արյան նմուշառման ընթացակարգ` հետագայում ԴՆԹ նույնականացման հնարավորություն ստեղծելու համար, կանոնակարգվել է ծննդաբերության ընթացքում աջակցող միջավայրի կազմակերպման խնդիրը, մեծածավալ աշխատանք է իրականացվել պտղի սեռով պայմանավորված հղիության ընդհատումների դեմ պայքարի ուղղությամբ` թե օրենսդրական կարգավորումների, թե բժշկական անձնակազմի և հանրության իրազեկման առումով:
9) Արդյունքում որոշակիորեն բարելավվել են վերարտադրողական առողջության ցուցանիշները, 2016-2020թթ. ընթացքում արձանագրվել է նախածննդյան և ծննդաբերությունների ստացիոնարում համատարած ընդգրկվածություն, պերինատալ մահացության իջեցում 4 պրոմիլային կետով, 2015թ. համեմատությամբ ինքնաբեր վիժումների կրճատում շուրջ 30%-ով: Ըստ Հայաստանի ժողովրդագրական առողջապահության հետազոտության (ՀԺԱՀ) 2016թ. տվյալների, հետազոտությանը նախորդող 3 տարիների բոլոր հղիությունների 22,6%-%-ը ավարտվել է աբորտով, մինչդեռ համաձայն 2021թ. կատարված` Հայաստանում անպտղության տարածվածության հետազոտության` արհեստական ընդհատմամբ է ավարտվել հղիությունների 14,4%: Վերջին 6 տարիների ընթացքում ծնունդների թվի նվազման ֆոնի վրա 2020թ. առաջին անգամ գրանցվել է ծնունդների աճ` 211-ով:
2.Հաշվի առնելով նախորդ ռազմավարության նշանակությունը` ոլորտի բացերի, կարիքների բացահայտման և անհրաժեշտ գործողությունների ամրագրման և այնուհետև դրանց իրականացման հարցում, գնահատելով նախորդ ռազմավարության շրջանակներում ունեցած ձեռքբերումները և թերացումները, ինչպես նաև վերջին տարիներին ի հայտ եկած նոր մարտահրավերները, անհրաժեշտություն է առաջացել մշակել մայրական և վերարտադրողական առողջության բարելավման նոր ռազմավարություն (այսուհետ, Ռազմավարություն) և վերջինիս իրականացման գործողությունների 2022-2026թթ. ծրագիր:
Իրավիճակի վերլուծություն և բացահայտված հիմնախնդիրներ
3.Չնայած նախորդ տարիներին ոլորտում մայրական և վերարտադրողական առողջության ոլորտում արձանագրած ձեռքբերումներին, այնուամենայնիվ դրանց հետ զուգահեռ` կան բազմաթիվ խնդիրներ և մարտահրավերներ, որոնք իրենց լուծումը պետք է ստանան սույն ռազմավարությամբ սահմանված միջացոռումների շրջանակներում` առաջիկա տարիներին:
4. Ճգնաժամային է մնում երկրում առկա ժողովրդագրական իրավիճակը, որը էլ ավելի է վատթարացել 2020թ.-ին` կորոնավիրութսային համավարակի և 44-օրյան պատերազմի հետևանքով: Մասնավորապես, պտղաբերության ցածր(1.6), անգամ պարզ վերարտադրություն չապահովող մակարդակը, անպտղության գրեթե ճգնաժամային մակարդակը (14,9) հանգեցրել են երջին տարիներին ծնունդների թվի կրճատմանը, ինչն անդրադարձել է նաև բնական հավելաճին, որը 2020թ. նվազել է մինչև կրիտիկական ցուցանիշ, կազմելով ընդամենը 0,4: Ավելին, ծնունդների աճը, որը գրանցվել էր 2020թ. վերջին և 2021թ. առաջին կիսամյակում, հուլիս ամսից սկսեց տրուկ նվազել: Վերջինիս ամենահավանական պատճառներից մեկը կարող էր լինել պատերազմի և հետպատերազմյան մի քանի ամիսների ամիսների ընթացքում ամուսնությունների, հետևաբար, նաև առաջնահղիների գրեթե բացակայությունը:
5. Այս իրավիճակում, չնայած առողջապահական գործոնով պայմանավորված ծնելիության բարելավման ծրագրի շրջանակներում կառավարության կողմից նախաձեռնած կարևորագույն միջոցառումներին, վերարտադրողական բժշկության հետագա զարգացումը պետք է դիտարկվի որպես ռազմավարական նշանակության գերակայություն:
6. Դեռևս շարունակում է բարձր մնալ մայրական մահացության եռամյա ցուցանիշը, որը վերջին տարիներին ոչ միայն չի ապահովել նախորդ ռազմավարությամբ ամրագրված ցուցանիշը, այլև աճի միտում է դրսևորել (2020թ.` 24,8): Եվ չնայած մայրական մահացության կառուցվածքում գերակշռում են մայրական մահվան անուղղակի պատճառներով պայմանավորված մահերը` էքստրագենիտալ ծանր ախտաբանություններ, այդ թվում 2020-2021թթ.` կորոնավիրուսային վարակով պայմանավորված, այնուամենայնիվ դեռևս առկա են կանխարգելելի պատճառներից մայրական մահվան դեպքեր (մանկաբարձական արյունահոսությունները, հիպերտենզիվ խանգարումները պրեէկլամպսիա, էկլամպսիա, հետծննդյան թարախասեպտիկ բարդությունները), որոնք հնարավոր էր կանխարգելել` անհետաձգելի բժշկական օգնության կազմակերպման և իրականացման, ախտաբանությունների վաղ ախտորոշման ու ուղեգրման, ինչպես նաև էքստրագենիտալ ախտաբանությունների հայտնաբերման, ուղեցույցների կիրառելիությունը բարձրացման միջոցով:
7. Կանոնակարգման և բարելավման կարիք ունեն հղիներին, ծննդկաններին տրամադրվող արագ արձագանքման անհետաձգելի ծառայությունները, շարունակում է արդիական մնալ մայրական և վերարտադրողական առողջության ոլորտում տրամադրվող բուժօգնության որակի չափանիշների մշակման, ներդրման և բուժաշխատողների կողմից ախտորոշիչ միջոցների, տեխնոլոգիաների, ինչպես նաև բուժման և կանխարգելման նորագույն մոտեցումների կիրառման անհրաժեշտության հարցը:
8. Որպես ընտանիքի պլանավորման մեթոդ դեռևս շարունակում է բարձր մնալ հղիության արհեստական ընդհատման մակարդակը, ինչը ուղեկցվում է վերարտադրողական առողջության համար իրական սպառնալիքներով: Պտղի սեռով պայմանավորված սեռերի անհամամասնության գործակիցը, չնայած վերջին տարիներին զգալի բարելավման, դեռևս նվազեցման կարիք ունի (2021թ. հունվարդեկտեմբերին կենդանի ծնվածների շրջանում այն կազմել է 108,8 տղա՝ 100 աղջկա հաշվով):
9. Ընտանիքի առողջապահական ծառայություններից օգտվելու հնարավորությունները և մատչելիությունը սահմանափակ են, հատկապես բնակչության սոցիալապես անապահով, հատուկ կարիքներով և սահմանափակ հնարավորւթյուններով խմբերի անձանց, դեռահասների համար: Դեռևս լիարժեք չեն ընտանեկան բռնության, սեռական ոտնձգությունների և մարդկային թրաֆիքինգի հետևանքների ամբողջական գնահատմանը, կանխարգելմանն ու ուղղորդմանն ուղղված համապարփակ ծրագրերը:
10. Շարունակում է խնդիր մնալ անպտղության, հղիության կրելախախտի, վաղաժամ ծննդաբերությունների բարձր մակարդակը:
11. Չնայած արդեն իսկ օրենսդրորեն ամրագրվել է 16-18 տարեկան դեռահասի` բժշկական միջամտության համար համաձայնություն տալու և իր առողջության մասին տեղեկատվություն ստանալու իրավունքը, դեռահասների սեռական և վերարտադրողական առողջության ոլորտում գիտելիքներ և մեկուսի և բարյացակամ պայմաններում ծառայություններ ստանալու մեխանիզմները ամենուր ապահովված չեն:
12. Շարունակում է օրակարգային խնդիր մնալ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունները կանոնակարգող օրենսդրական, նորմատիվային դաշտի կատարելագործման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման խնդիրը, ինչպես նաև նշված ծառայությունների աշխարհագրական մատչելիության հարցը, քանի որ, բացառությամբ Երևանի, հանրապետության այլ շրջաններում գործնականում բացակայում են վերարտադրողական բժշկությամբ զբաղվող կենտրոններ (կաբինետներ)` համապատասխան մասնագիտական ներուժով և հագեցվածությամբ:
12. Բավարար չէ արտակարգ իրավիճակներում ծննդօգնություն մատուցող բժշկական կազմակերպությունների պատրաստվածության մակարդակը, բացակայում են բնական և տեխնածին աղետների ժամանակ գործողությունների կազմակերպման օրինակելի գործելակարգը` ծննդօգնություն և նորածինների խնամք իրականացնող կազմակերպությունների համար, ներառյալ տեսակավորումը և էվակուացիոն պլանը:
13. Սեռական օրգանների քաղցկեղը և կրծքագեղձի քաղցկեղը ձեռք են բերել մեծ մասշտաբայնություն, հատկապես բարձիթող դեպքերի բարձրացման միտումը դարձնում է դրանց վաղ կանխարգելումն ու նվազեցումը լուրջ բժշկական և սոցիալական հիմնախնդիր:
Ռազմավարության նպատակները, իրականացման ուղիները, գնահատման ցուցիչները
14. Մայրական և վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարության նպատակներն են` բնակչության վերարտադրողական առողջության բարելավումը, հղիների հսկողության և ծննդօգնության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, մայր ական մահացության, պերինատալ կորուստների կրճատումը, վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների հասանելությունը:
15. Ռազմավարության իրականացման ուղիներն ու առաջարկվող լուծումներն են`
1) Ուղղություն 1. Մայրական և վերարտադրողական առողջության ոլորտի նորմատիվային բազայի կատարելագործում:
2) Ուղղություն 2. Հաշվառման և հաշվետվական ձևերի վերանայում, էլեկտ րոնայինառողջապահության պահանջներին համապատասխանեցում:
3) Ուղղություն 3. Հղիների հսկողության, պրենատալ ախտորոշման և ծննդօգնության ոլորտում մատուցվող ծառայությունների որակի բարելավում, չափանիշների մշակում և ներդրում:
4) Ուղղություն 4. Մարդկային ներուժի զարգացում, շարունակական մասնագիտական կրթության ապահովում, գիտելիքների կիրառելիության
ապահովում
5) Ուղղություն 5. Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով մատուցվող ծառայությունների մարզերում տարածման համար պայմանների ապահովում:
6) Ուղղություն 6.Արտակարգ իրավիճակներում վերարտադրողական առողջության ոլորտում ծառայություն մատուցող կազմակերպություններում պատրաստվածության բարձրացում, նվազագույն ծառայությունների փաթեթի ներդրում:
7) Ուղղություն 7.Վերարտադրողական և մայրական առողջության կարևոր հարցերի շուրջ հանրային իրազեկման աշխատանքների իրականացում:
8) Ուղղություն 8.Վերարտադրողական և մայրական առողջության իրավիճակային ուսւմնասիրությունների իրականացում, կարևոր
հիմնախնդիրների,պատճառների վերհանում և առաջարկների ներկայացում։
9) Ողղություն 9. Վերարտադրողական տարիքի կանանց սկրինինգային ծրագրերի ընդլայնում, արդյունավետության բարձրացում։
16. Ռազմավարության շահառուներն են` Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող` վերարտադրողական տարիքի կանայք,այդ թվում հաշմանդամություն ունեցող, զույգեր, դեռահասներ, վերարտադրողական ոլորտի ծառայություններ մատուցող բժշկական անձնակազմը, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ, բժշկագիտության բնագավառի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, գիտահետազոտական ինստիտուտներ:
17. Ռազմավարության գնահատման ցուցիչներն են`
1) Վերարտադրողական առողջության դաշտի բարելավմանն ու կանոնակարգմանն ուղղված կանոնակարգող օրենսդրական, նորմատիվային-իրավական ակտերը:
2) միջազգային մոտեցումներին համապատասխան վերարտադրողական առողջության ոլորտի հարցերին առնչվող ուղեցույցներ, գործելակարգեր:
3) Մարզերում գործող` վերարտադրողական աժանդակ տեխնոլոգիաներով բժշկական օգնություն և սպասարկում մատուցող բժշկական կազմակերպությունների (կենտրոնների, կաբինետների) առկայություն։
4) Վիճակագրական բարելավված հետևյալ ցուցիչներ
ա) հղիների նախածննդյան հսկողության վաղ ընդգրկման (մինչև հղիության 12 շաբաթը) ցուցանիշ,
բ) Մայրական և պերինատալ մահացության ցուցանիշ
գ) առաջնային և երկրորդային անպտղության տարածվածության տոկոսային ցուցանիշ
դ) ինքնաբեր և բժշկական ցուցումներով հղիությունը ընդհատած կանանց տոկոսը` հղիությունն ավարտած կանանց նկատմամբ:
Ռազմավարության և գործողությունների ծրագրերի իրականացման մշտադիտարկումը
18. Ռազմավարությամբ նախատեսված գործողությունների մշտադիտարկումը իրականացվելու է Առողջապահության նախարարության կողմից` պարբերաբար, որի արդյունքները ներկայացվելու են Առողջապահության նախարարի հրամանով ստեղծված` Առողջապահության նախարարին կից Մանկաբարձագինեկոլոգիական խորհրդի տարեվերջյան նիստերում: Ընթացիկ մշտադիտարկումը իրականացվելու է Հայաստանի Հանրապետության մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի, բժշկական կազմակերպությունների կողմից` յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում:
19.Գգործընթացի արտաքին մշտադիտարկման ու բարելավման հարցերում իրենց համաձայնությամբ կարևոր դերակատարություն կստանձնեն բժշկական մասնագիտական միավորումները (ասոցիացիաները) և միջազգային և տեղական ոչ պետական կազմակերպությունները:
20.Ռազմավարության ներդրումն ապահովող ֆինանսավորումն ակնկալվում է հետևյալ աղբյուրներից .
1) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե (ՀՀ պետական բյուջեից` առողջապահության նախարարությանը տրամադրվող միջոցների շրջանակներում),
2) Միջազգային կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում, 3) Հայաստանի Հանրապետությունում գործող մասնավոր կազմակերպությունների միջոցներ,
4) Հասարակական կազմակերպությունների կողմից նպատակային ֆինանսավորում,
5) Հայաստանի Հանրապետության օրենքով չարգելված այլ ֆինանսական աղբյուրներ: