Արցախի Հանրապետության առողջապահության արդեն նախկին նախարար Միքայել Հայրիյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է պաշտոնից ազատմանը։ Նա մասնավորապես նշել է․
«Սիրելի հայրենակիցներ՝
1997 թվականից մինչև 2020 թվականի դեկտեմբեր ամիսը ծառայելով Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի շարքերում, իմ բաժին մասնակցությունն ունենալով ապրիլյան և 44-օրյա պատերազմներին, վերջինից հետո Արցախի Հանրապետության ժողովրդի հետ ապրելով նույն տառապանքներն ու հիասթափությունները, առանց զգացմունքայնությանը տրվելու ընտրել եմ մեր պետականությունն ու պետականապահպանության առանցքային միջոց հանդիսացող՝ հանրային իշխանությունը փլուզումից զերծ պահելու ճանապարհը և 2020թ. դեկտեմբերի 22-ից ստանձնել եմ ԱՀ առողջապահական համակարգը ղեկավարելու պարտականությունը (արդարության համար պետք է նշեմ, որ այդ պահին պետական համակարգում աշխատանքի անցնելը և համակարգի մաս կազմելը մեղմ ասած պատվաբեր գործ չէր)՝ այդ որոշումը կայացնելով դժվարությամբ՝ իմ և հանրության առաջ ստանձնելիք պատասխանատվության ծավալը գիտակցելով, բայց և առողջապահության համակարգի նկատմամբ տարիներով արմատացած հիասթափությունների շղթան կոտրելու և հանրության վստահությունը վերականգնելու հստակ վճռականությամբ։
Առաջին իսկ օրերից պետական համակարգի մի խումբ ծառայողների հետ համատեղ ներգրավվել ենք արցախցուն իր հայրենիք վերադարձնելու հույժ կարևոր գործին՝ այդ ընթացքում առավելագույն չափով ու մարդկային ֆիզիկական հնարավորությունների սահմաններում լինելով քաղաքացուն նվիրված, ուշադիր, հոգատար, օբյեկտիվ, մարդամոտ ու հասարակ: Պաշտոնավարման երկու տարվա ընթացքում իրագործել ենք մի շարք ծրագրեր, աջակցել հազարավոր տեղահանվածների ու բժշկական օգնության կարիք ունեցող մեր մյուս համերկրացիներին, ամրացրել ունեցած կապերը և ձեռք բերել նոր միջազգային գործընկերներ, կամուրջներ ստեղծել բարձր որակավորում ունեցող տասնյակ մասնագետների ու իրենց գործի գիտակ մարդկանց հետ, ովքեր դեռ երկար տարիներ իրենց ներդրումը կբերեն Արցախի առողջապահության ոլորտին: Երկամյա պաշտոնավարման անկյունաքարային ձեռքբերումը համակարգի վերաբերմունքն էր առ մարդը, վերափոխումը՝ սոսկ վարչարարից հանրային ծառայողի:
2022թ. նոյեմբերի 23-ին ԱՀ Նախագահի հրամանագրով ազատվել եմ ԱՀ Առողջապահության նախարարի պաշտոնից: Այդ կապակցությամբ ուզում եմ երախտիքս հայտնել բոլոր նրանց, ովքեր այս երկու տարվա ընթացքում եղել են կողքիս, հավատացել են ինձ ու վստահել: Շնորհակալ եմ Արցախի առողջապահական համակարգի բոլոր աշխատողներին, առանց բացառության, իրենց նվիրական աշխատանքը լուռ, համեստորեն ու խոնարհաբար կատարելու համար: Ձևավորվում է նոր Կառավարություն և ոլորտը կունենա նոր ղեկավար։ Հաջողություն եմ մաղթում գործադիր իշխանությանը բոլոր նախաձեռնություններում և ծրագրերում, պետք է գիտակցենք, որ հաջողումը մեր բոլորի շահերից է բխում, իսկ ձախողումը վնասելու է բոլորիս՝ հավասարապես:
Պաշտոնաթողությամբ ոլորտի և Արցախի Հանրապետության հաղթական ապագայի հանդեպ իմ պատասխանատվությունը չի ավարտվում, այնպես, ինչպես չի սկսվել՝ պաշտոնը ստանձնելով։ Այնուամենայնիվ, որպես Արցախի Հանրապետության քաղաքացի և հայրենատեր, հանրային անտարբերության ու անպատասխանատվության անդառնալի հետևանքները զգացած ու 2020թ. 44-օրյա պատերազմից հետո անդադար պայքարի ուղին ընտրած մարդ, շարունակելու եմ իմ ներդրումն ու աջակցությունը բերել Արցախի Հանրապետության վերածննդի ու վերելքի գործին՝ անզիջում պայքար տանելով մեր երկիրը խորտակող, մեզ նախկին, կործանարար բարքերին վերադարձնելու բոլոր փորձերի ու փորձարկողների դեմ: Հայրենիքի և մեր քույրերի ու եղբայրների արյամբ սրբացած արցախյան հողի համար մեր և իմ անձնական պայքարը լինելու է անվերջ ու անդադար, ես այսօրվա ու վաղվա Արցախի առաջամարտիկն ու նվիրյալն եմ»: