Հայեր, մի կարևոր ու շատ անդուր թեմայի պետք է անդրադառնամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
«Վաղը մեր հարգված ու սիրված հերոսի ծննդյան օրն է։ Ցավալի է, բայց Ֆեյսբուքը արգելափակում է հաշիվներն ու էջերը՝ իր անունը նշելու, նկարը տեղադրելու համար։ Նույնիսկ մեկնաբանություններում։ Նույնիսկ, եթե քո պատին տեղադրում ես հղում, որտեղ տեքստում կա իր անվան հիշատակումը։
Այս խնդիրը առ այսօր լուծում չի գտել։ Իհարկե, շատ նսեմացնող է, որ ես հիմա իր անունը չեմ կարող գրել, որ չարգելափակվեմ։ Ու ստիպված եմ՝ ձեզ էլ զգուշացնել։ Մինչև հարցը, հուսանք, դրական լուծում չստանա։ Իսկ հիմա ավելի կարեւոր է, որ դուք ձեր հաշիվները, էջերն ու խմբերը չկորցնեք այս հիմար կարգավորման պատճառով։ Քանի որ, բացի ֆեյսբուքի ռոբոտներից, հարևանները խնդիրը գիտեն, դրա համար էլ որսում են, եթե գտնում են, բողոքում են, որ հաստատ արգելափակեն հաշիվները։
Մի քանի բան բացատրեմ․
ա․ Արգելափակումների պատճառը ադրբեջանցիները չեն, իրենք պարզապես օգտվում են առիթից
բ․ Խնդիրն այն է, որ մինչև Առաջին Արցախյան պատերազմը մեր հերոսը ղեկավարել է մի կազմակերպություն, որի անունը գրելու համարել է Ֆեյսբուքը արգելափակում։ Խնդիրն այն է, որ տվյալ կազմակերպությունը ԱՄՆ-ում ժամանակին պաշտոնապես ճանաչվել է ահաբեկչական։ Ու դա պատճառ է, որ Ֆեյսբուքը այդ ամենի հետ կապված ամեն ինչ քցել է սև ցուցակ։
գ․ Կարող է անունը գրեք, նկարը տեղադրեք, ու բան էլ չլինի։ Իսկ կարող է օրինակ, հինգ տարի առաջ գրածի համար արգելափակի։ ՖԲ բոտերը տարօրինակ են աշխատում։
դ․ Հարցը կարող է լուծում ստանալ միայն պետության կողմից բանակցությունների միջոցով։ Մենք կարող ենք ինչ-որ աղմուկով աջակցենք, բայց դա ինքին չի օգնի։
ե․ Որքան գիտեմ, պետական մակարդակով ինչ-որ բանակցություններ գնում են։ Եղած իրավիճակից պարզ է, որ դեռ ապարդյուն են բանակցությունները։»,-նշել է նա։