ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները գրեթե համաձայնեցրել են այն փաստաթուղթը, որով սահմանվում է Հայաստանին հատկացվելիք օգնությունը՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին առկա լարվածությամբ, Երևանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։
«Այսօր երկու փաստաթուղթ է քննարկվել։ Երկրների ղեկավարները որոշում են ընդունել Հայաստանին օգնություն տրամադրելու մասին։ Փաստաթուղթը գրեթե պատրաստ է, ընդհանուր առմամբ համաձայնեցվել են Հայաստանին օգնություն տրամադրելու համալիր միջոցառումները՝ պայմանավորված Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ստեղծված բարդ իրավիճակով։ Փաստաթուղթը ընդհանուր առմամբ համարվում է պատրաստ, բայց լրամշակման կարիք ունի։ Այն պետք է լրամշակվի և ներկայացվի երկրների ղեկավարների ստորագրմանը։
Նույնը վերաբերում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրին։ Այն նույնպես գրեթե պատրաստ է, բայց այսօրվա քննարկումների արդյունքով՝ հարկ է մի շարք լրամշակումներ անել այդ փաստաթղթում։ Դա նորմալ գործընթաց է»,- ասաց Ստանիսլավ Զասը։