Հրայր Ա․-ի ներկայացուցիչը հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Հայբիզնեսբանկ»-ի՝ աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին:
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ 2020-ին հայցվորը նշանակվել է «Հայբիզնեսբանկ»-ում բանկի վարչության նախագահի խորհրդական՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվական անվտանգության հարցերով։ Ավելի ուշ հայցվորը՝ ի լրումն իր գործող պարտականություններին, նշանակվել է տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի պարտականությունների կատարող։
2021 թվականի հունիս ամսին «Հայբիզնեսբանկ»-ում տեղի ունեցած կառուցվածքային փոփոխությունների արդյունքում վարչությունը վերակառուցվել է որպես դեպարտամենտ, իսկ Հրայր Ա․-ն նշանակվել է նշված դեպարտամենտի տնօրենի պաշտոնում։ Դեպարտամենտի տնօրենի հաստիքը ստանձնելու առաջարկի և այն ընդունելու պարտավորության ժամանակ, ձեռք է բերվել բանավոր պայմանավորվածություն մինչև բանկի տեխնոլոգիապես ամենազարգացած բանկերից մեկը դառնալը համատեղ աշխատելու և այլ առաջարկներով չգայթակղվելու վերաբերյալ։ Քննարկման ժամանակ հայցվորը ներկայացրել է, որ տեխնոլոգիապես ամենազարգացած բանկերից մեկը դառնալու համար պահանջվում էր առնվազն երկու տարի։
Նշվում է, որ սկսած 2022 թվականի փետրվար ամսից վերջինիս նկատմամբ «սկսվել են կատարվել բազմաթիվ ապօրինություններ»․
«Մասնավորապես՝ 2022թ․-ի փետրվարի 8-ից 28-ը ներառյալ, բանկի վարչության նախագահի «խնդրանքով»` «պարտադրանքով», հայցվորը գտնվել է ամենամյա հերթական արձակուրդում, որի ընթացքում, ըստ բանկի վարչության նախագահի վստահեցման, հայցվորին պետք է ներկայացվեր աշխատանքային պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ լուծելու՝ հայցվորի համար ընդունելի առաջարկ: Նման «խնդրանքը» նախագահը հիմնավորել է այն փաստարկով, որ բանկի նախկին խորհրդի անդամներից մեկը հայցվորի «եղբայրն է»՝ պապիկի եղբոր ծոռը, որի հետ իրականում օրենքի իմաստով հայցվորը փոխկապակցված անձ չի հանդիսանում, նրա տուն երբևէ չի այցելել և նրա ընտանեկան միջոցառումներին երբևէ չի մասնակցել։ Փաստացի հայցվորի նկատմամբ ցուցաբերվել է Աշխատանքային օրենսգրքի 3.1 հոդվածի առաջին մասով արգելվող՝ ըստ ծնունդի խտրականություն։․․․Հայցվորին ներկայացված՝ աշխատանքային պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ լուծելու երեք առաջարկները և այդ առաջարկների ձևակերպումները հայցվորի կողմից ընդունելի չեն համարվել»։
Դրանից հետո բանկը նշված դեպարտամենտի տնօրենի պաշտոնում այլ անձի է նշանակել, իսկ Հրայր Ա․-ին տվել են վարչության նախագահի հրամանը, որով դեպարտամենտում ուսումնասիրություն կատարելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն և դադարեցվում էին նրա աշխատանքային գործառույթները։
Անվտանգության աշխատակիցների կողմից արգելվել է հայցվորի մուտքը բանկ և իր աշխատասենյակ, որտեղ գտնվում են նաև իր անձնական իրերը, պատճառաբանելով, որ այդպիսի հանձնարարական տրվել է բանկի վարչության նախագահի կողմից․ «Ավելին՝ առանց հայցվորի կամ նրա ներկայացուցչի ներկայության կամ համաձայնության, հայցվորի անձնական՝ կողպեքով փակվող, աշխատասենյակի տարածք այլ անձանց մեկ կամ ավել անգամ ներխուժման միջոցով, նրա աշխատասենյակում գտնվող անձնական գույքը և միջոցները, փաստացի ապօրինի կերպով, փետրվար ամսվա կեսից սկսած տիրապետվել և տնօրինվել են այլ՝ հայցվորի համար անհայտ անձանց կողմից»։
Մարտի 23-ին բանկի կողմից հայցվորի անձնական էլէկտրոնային փոստին ուղարկվել է իրազեկում, համաձայն որի, ծառայողական քննության ավարտի կապակցությամբ մարտի 24-ից նա պետք է անցնի իր աշխատանքային պայմանագրով սահմանված պարտականությունների կատարմանը։ Նշվում է, որ մարտի 24-ին, համաձայն իրազեկման ներկայանալով աշխատանքի, հայցվորը զրկվել է բանկի տարածքում ազատ շարժվելու հնարավորությունից, նրան սկսել են ամենուր ուղեկցել բանկ անվտանգության բազմաթիվ աշխատակիցներ։ Նա չի կարողացել մտնել իր աշխատասենյակ, քանի որ ժամը 9:00 հայտնաբերել է, որ իր աշխատասենյակի կողպեքը իր համար անհայտ պատճառներում և անհայտ հանգամանքներում փոխվել է։
Փորձելով աշխատել ՏՏ դեպարտամենտի ծրագրավորման բաժնի աշխատասենյակից հայցվորը փորձել է զեկուցագիր գրել բանկի բարձրաստիճան ղեկավարությանը, իր անձնական աշխատասենյակի ներխուժման և իր նկատմամբ իրականացվող այլ ապօրինությունների վերաբերյալ, ինչը մինչև ընդմիջում չի կարողացել հասցնել ավարտել, քանի որ նրան համակարգիչ տրամադրվել է միայն կեսօրին։ Ընդմիջումից վերադառնալով Հրայր Ա․-ն չի կարողացել մտնել բանկ, քանի որ անվտանգության աշխատակիցներն արգելել են նրա մուտքը բանկի տարածք, պատճառաբանելով, որ այդ պահից սկսած փոխվել է նրա աշխատանքի վայրը, Նալբանդյան 48 հասցեից տեղափոխվելով Թոթովենցի 4-րդ նրբանցք հասցեում գտնվող մասնաճյուղի տարածք, որտեղ չի աշխատում ՏՏ դեպարտամենտի ոչ մի աշխատող։
«Ավելին, այդ պահից սկսած և հաջորդ բոլոր օրերին բանկի անվտանգության աշխատակիցները ապօրինի կերպով արգելել են հայցվորին մտնել բանկ և հանդիպել իր ենթակայությամբ աշխատող աշխատակիցների հետ։ Դրան հաջորդել է հրաման՝ Հրայր Ա․-ի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին, որի մասին հայցվորը պաշտոնապես ծանուցվել է ապրիլի 5-ին»,-նշվում է գործի նյութերում։
Աշխատանքային պայմանագրի լուծման փաստական հիմքեր են հադիսացել տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրենի հաստիքի կրճատումը՝ պայմանավորված աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և արտադրության անհրաժեշտությամբ։ Հայցվորի տեղեկություններով, առ այսօր նա հանդիսանում է բանկի գլխամասային գրասենյակի «կրճատված» միակ աշխատակիցը։
Հայցվորը պահանջում է նաև պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել 350 հազար դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, ինչպես նաև 60 հազար դրամ՝ որպես նախապես վճարված պետական տուրքի գումար։
Պատասխանողի ներկայացուցիչը պատասխանում առկա դիրքորոշմամբ հայտնել է, որ հայցադիմումի ուսումնասիրության արդյունքում, գտնում է, որ հայցն անհիմն է և ենթակա է մերժման։
Պատասխանողը նշել է, որ Հրայր Ա․-ի նախկին աշխատանքում վերականգնելու անհնարինությունն ակնհայտ է, քանի որ դեպարտամենտի մասով առկա կառուցվածքային փոփոխությունները հանգեցրել են հայցվորի զբաղեցրած հաստիքի կրճատման:
«Արդյունքում, անհերքելի փաստ է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի տնօրենի հաստիք բանկի վարչակառուցվածքային համակարգում գոյություն չունի, իսկ բանկում որևէ այլ աշխատանքում հայցվորին վերականգնելու պարտավորություն բանկը չունի: Ինչ վերաբերում է վերջինիս մասնագիտական պատրաստվածությանն ու որակավորմանը համապատասխան աշխատանք առաջարկելուն, ապա, ինչպես արդեն նշվեց, այն հնարավորությունը որն այդ պահին առկա եղել է, հայցվորին առաջարկվել է»,-հայտնել է պատասխանողի ներկայացուցիչը:
Ըստ կողմի՝ որևէ հիմնավոր փաստարկ կամ ապացույց հայցվորը չի ներկայացրել, միայն նկարագրել է իրեն մոտավոր հայտնի տեղեկություններն ու գտել, որ բանկը ոտնահարել է իր իրավունքները: Պատասխանող կողմը դատարանին խնդրել է Հրայր Ա․-ի հայցն ընդդեմ «Հայբիզնեսբանկ»-ի՝ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածում միջին աշխատավարձը գանձելու պահանջների մասին, գտնել անհիմն և ամբողջությամբ մերժել:
Դատարանը օգոստոսի 10-ի վճռով որոշել է Հրայր Ա․-ի հայցն ընդդեմ «Հայբիզնեսբանկ»-ի բավարարել։ Նախագահող դատավոր Սարգիս Երիցյանը պարտավորեցրել է հաշվարկել և հայցվորին վճարել աշխատողին աշխատանքում չվերականգնելու դիմաց հատուցում՝ միջին աշխատավարձի հնգապատիկի չափով։
Բացի այդ, դատարանը բանկին պարտավորեցրել է հաշվարկել և Հրայր Ա․-ին վճարել հատուցում՝ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ միջին աշխատավարձի չափով, սկսած 05․04․2022 թվականից, մինչև դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը։
Բացի այդ, բանկից հօգուտ հայցվորի պետք է բռնագանձվի 350 հազար դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:
«Հայբիզնեսբանկ»-ը հայցադիմում է ներկայացրել վերաքննիչ դատարան, որը սեպտեմբերի 22-ին ընդունվել է վարույթ։
Վարույթի ընդունումից հետո գործի վերաբերյալ «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգում թարմացում դեռ չի արվել։