Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է Հարկային օրենսգրքում լրացումներ կատարել` դրանում նախատեսելով, որ շրջանառելի` բազմակի օգտագործման տարան, որով տարայավորված է ապրանք, չի համարվում օտարված, եթե այդպիսի տարայով տարայավորված ապրանքի շրջանառության բոլոր փուլերում պայմանագրով (պայմանագրերով) կամ հաշվարկային փաստաթղթով սահմանված է, որ տարայի նկատմամբ սեփականության իրավունքը պահպանում է ապրանք արտադրողը և որ տարան ենթակա է վերադարձման ապրանք արտադրողին` ուղղակի կամ ապրանքը վերավաճառած անձի միջոցով:
«Ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ կստեղծվեն կանխատեսելի պայմաններ բազմակի օգտագործման շրջանառելի տարաների շրջանառության համար, ինչը կնպաստի նոր տարաների հնարավորինս քիչ ձեռք բերմանը` նվազեցնելով տնտեսության համար առաջացող լրացուցիչ ֆինանսական բեռը և բնապահպանական խնդիրները»,-նշվում է հիմնավորման մեջ: