ԿԳՄՍՆ-ն դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով դրամաշնորհային մրցույթ է հայտարարել

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհային մրցույթ՝ դպրոցականների ամառային հանգիստը կազմակերպելու նպատակով:

Դրամաշնորհի ծրագրով նախատեսվում է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում և տրանսպորտային ծախսերի փոխհատուցում» միջոցառման իրականացման համար պետական բյուջեի միջոցներից հատկացնել 378 մլն 318 հազար 400 ՀՀ դրամ գումար:

Ամառային ճամբարները պետք է  ապահովեն զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների, ծնողազուրկ և անապահով, բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան, ընդհանուր թվով՝ 3200 երեխաների ամառային հանգստի կազմակերպումը: 

Դպրոցականների ամառային ճամբարի առաջին հերթափոխը կկազմակերպվի 2023 թվականի հուլիսի 1-20-ը, 2-րդ հերթափոխը` 2023 թվականի հուլիսի 20-ից օգոստոսի  8-ը։

Կազմակերպություններին ներկայացվող հիմնական պահանջներից են` վերջին 5 տարում նվազագույնը 50 դպրոցականների համար 2 ծրագրերի (ամառային հանգստի կազմակերպում)  իրականացման փորձ,  նյութատեխնիկական համապատասխան միջոցներով  ապահովվածություն  և այլն:

Հայտեր կարող են ներկայացնել գնումների և դրամաշնորհների պետական համակարգում գրանցված՝ իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները։  Նշված համակարգում որպես մասնակից գրանցվելու նպատակով անձը մուտք է գործում www.armeps.am հասցեով գործող կայք և լրացնում համապատասխան պահանջվող տեղեկատվությունը, որից հետո գրանցումը հաստատելու նպատակով էլեկտրոնային փոստի միջոցով ստացված թվի և (կամ) տառերի կոմբինացիան մուտքագրում է համակարգ: Նշված տեղեկատվությունը ճիշտ մուտքագրելուց հետո անձը համարվում է համակարգում գրանցված մասնակից, ինչի մասին ավտոմատ եղանակով ստանում է ծանուցում: 

Մասնակցի գրանցումն ավտոմատ եղանակով չեղյալ է համարվում, եթե համակարգում գրանցվելու օրվանից հաշված 30 օրացուցային օրվա ընթացքում վերջինս մուտք չի գործում համակարգ կամ մուտք է գործում, սակայն համակարգ չի մուտքագրում տեղեկատվությունը: Այս պարագայում պետք է իրականացնել նոր գրանցում:

Մրցույթին մասնակցելու իրավունք չունեն այն կազմակերպությունները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են ՀՀ ֆինանսների նախարարության https://www.minfin.am/hy կայքում հրապարակված՝ պետական բյուջեից դրամաշնորհ ստանալու նպատակով կազմակերպվող մրցույթներին մասնակցելու իրավունք չունեցող կազմակերպությունների ցուցակում:

Հայտ ներկայացնող մասնակիցը ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.

  • հայտատու կազմակերպության ՀՀ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցման վկայականի պատճենը, 
  • ճամբարային ծրագիր՝ սույն դրամաշնորհային մրցույթի անցկացման  հավելվածին համապատասխան, որն իր մեջ պետք է ներառի նաև առանձին կրթամշակութային, մարզական և ազատ ժամանցին ուղղված միջոցառումներ,
  • հայտատու կազմակերպության կանոնադրության պատճենը,
  • հայտատու կազմակերպության որոշումը՝ մրցույթին hրավերով նախատեսված պայմաններով մասնակցելու վերաբերյալ, ճամբարի գտնվելու վայրը,
  • հայտատու կազմակերպության կողմից վերջին  5 տարում  նվազագույնը  50  դպրոցահասակ երեխաների թվով 2 ծրագրի ամառային  հանգստի կազմակերպման և անցկացման փորձը վկայող փաստաթղթեր (պայմանագրերի, հանձնման-ընդունման ակտերի, հաշիվ-ապրանքագրերի պատճեններ և այլն),
  • տեղեկատվություն  կրթության  առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  (ԱՊԱԿՈՒ) երեխաների հանգիստը կազմակերպելու հնարավորության մասին,
  • միջոցառման կազմակերպմանն ուղղված այլ փաստաթղթեր, նյութեր:

Մրցույթին մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային armeps (www.armeps.am) համակարգի  միջոցով մինչև սույն թվականի դեկտեմբերի 20-ը՝ ժամը 12:00-ը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել