Դ․ Աղաջանյանը մարտի 4-ին դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «ՎՏԲ Հայաստան» բանկի՝ տեղեկատվություն տրամադրելուն պարտավորեցնելու պահանջի մասին:
Iravaban.net-ը «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում է, որ դատարանի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և որոշվել է գործը քննել պարզեցված կարգով։
Գործը մակագրվել է դատավոր Հայարփի Զարգարյանին։
Այսպիսով, Աղաջանյանի անունից «ՎՏԲ-Հայաստան» բանկ փաստաբանական հարցում է կատարվել, որով փաստաբանը խնդրել է տեղեկացնել՝ ո՞րն է բանկի կողմից 25 հազար դրամ գումարի բռնագանձման պատճառը, երբ ամսական պարտավորության գումարը կազմում է 5.000 դրամ, ո՞րն է պատճառը, որ ամսական 5.000 դրամ պարտավորությունը կատարելուց պարտավորության գումարը չի նվազում:
Բանկը փաստաբանական հարցումը գրությամբ մերժել է՝ հաշվի առնելով, որ փաստաբանը չի ներկայացրել նոտարական կամ այլ պատշաճ վավերացմամբ լիազորագիր:
Ելնելով վերոգրյալից՝ հայցվորը դատարանին խնդրել է պարտավորեցնել «ՎՏԲ-Հայաստան» բանկին Դ․Աղաջանյանի ներկայացուցչին տրամադրել տեղեկատվություն հարցման վերաբերյալ։
ՎՏԲ-ից հայտնել են, որ բանկին ներկայացված լիազորագիրը տրված է եղել հասարակ գրավոր ձևով, ինչը բանկին հնարավորություն չի ընձեռում նույնականացնել և հավաստի համարել Դ․Աղաջանյանի կողմից վերջինիս պահանջված տեղեկատվությունը ստանալու իրավասություն տրամադրելու փաստը, ուստի բանկը ստիպված է եղել մերժել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների տրամադրումը․ «Միաժամանակ, հայտնվել է, որ բանկը պատրաստ է պահանջվող տեղեկատվությունը տրամադրել Դ․Աղաջանյանի կողմից տրամադրված լիազորագրի նոտարական կամ այլ պատշաճ վավերացմամբ ներկայացնելու դեպքում»։
Դատարանն արձանագրել է, որ հայցվորը գործով ներկայացված փաստական հանգամանքների շարքում իրավացիորեն նշել է, որ փաստաբանին տրվող լիազորագրին նոտարական վավերացման կամ այլ կարգով վավերացման պահանջ չի ներկայացվել։
«․․․Ի վերջո, անդրադառնալով այն հարցին, թե արդյոք հաճախորդն իրավասու է փաստաբան ներկայացուցչի միջոցով բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ հայցել՝ առանց նոտարական վավերացման փաստաբանին լիազորագիր տալու միջոցով, Դատարանը գտնում է, որ արտադատական կարգով բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններ պահանջելու գործընթացի վրա չի տարածվում «հասարակ գրավոր ձևի» լիազորագրի կանոնը, քանի որ այն սահմանված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ և նախատեսված է միայն գործին մասնակցող անձանց համար, մինչդեռ գործի շրջանակներից դուրս ցանկացած բանկի հետ գործառություն իրականացնելիս հաճախորդը պետք է ապահովի բանկի կողմից սահմանված կանոնների պահպանումը, քանի որ հաճախորդն ինքն է ընտրել տվյալ բանկը, հետևաբար՝ նաև պարտավոր է պահպանել բանկի կողմից սահմանված կանոնները»,-նշվում է գործի նյութերում:
Դատարանը հանգել է այն եզրակացության, որ «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի ուժով, համաձայն որի՝ «1. Բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակումը այն անձի, կազմակերպության, պետական մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից, որին այդ տեղեկությունները վստահված են եղել, հայտնի են դարձել նրա ծառայության կամ աշխատանքի կապակցությամբ կամ տրամադրվել են սույն օրենքով սահմանված կարգով` արգելվում է:
«․․․Հոդվածը չի տարածվում բանկի հաճախորդի վրա` միայն իրեն վերաբերող տեղեկությունների հրապարակման մասով, ինչպես նաև բանկերի վրա` բանկերի վերահսկողության ընթացքում Կենտրոնական բանկին, ինչպես նաև «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում Ավանդների հատուցման երաշխավորման հիմնադրամին տրամադրվող տեղեկությունների մասով»,-նշվում է դատարանի որոշման մեջ:
Ըստ դատարանի՝ հաճախորդի վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները կարող են հրապարակվել տվյալ հաճախորդի գրավոր կամ դատարանում տրված բանավոր թույլտվությամբ: Հաճախորդի թույլտվությամբ կարող են հրապարակվել միայն տվյալ հաճախորդին վերաբերող տեղեկությունները», Դ․Աղաջանյանը դատական կարգով տեղեկատվություն պահանջելու միջոցով տվել է իր համաձայնությունն իրեն վերաբերող բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկություններն իր փաստաբանին հայտնելու մասին, որպիսի պայմաններում հաճախորդ Դ․Աղաջանյանի կողմից հարուցված հայցի շրջնակներում հայցվող տեղեկությունները ենթակա են վերջինիս տրամադրման:
Նման պայմաններում դատարանը հանգել է այն եզրակացության, որ հայցվորի կողմից ներկայացված պահանջը ենթակա է բավարարման: Հուլիսի 13-ի վճռով՝ դատարանը պարզատվորեցրել է նաև հայցվորին տրամադրել բանկին արված հարցման պատասխանը և ՎՏԲ-ից բռնագանձել 20 հազար դրամ` որպես հետաձգված պետական տուրքի գումար:
Վճիռը չի բողոքարկվել վերաքննիչ դատարան և մտել է օրինական ուժի մեջ։