Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է Արուսյակ Ալեքսանյանին ազատ արձակելու մասին փաստաբանների բողոք, հայտնում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։
Հիշեցնենք, ԲԴԽ-ն հոկտեմբերի 17-ին բավարարել է դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելուն համաձայնություն տալու Գլխավոր դատախազության միջնորդությունները:
Նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանին՝ Քրեական օրենսգրքի 46-441-րդ հոդվածով, այն է՝ օժանդակել է պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելուն կամ լիազորություններն անցնելուն։
Էրիկ Ալեքսանյանի փաստաբանի խոսքով՝ գործը վերաբերում է Էրիկ Ալեքսանյանի վստահորդներից մեկին, որի նկատմամբ կիրառվել էր գրավ։ Էրիկ Ալեքսանյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Հոկտեմբերի 19-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումներով Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։