Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն

Հանրապետության նախագահի հրամանագրերով, տարբեր բնագավառներում ներդրած ավանդի և արդյունավետ գործունեության համար, մի խումբ անձինք պարգևատրվել են պետական բարձր պարգևներով, Հայրենիքի շքանշանով է պարգևատրվել Հագոպ (Հրայր) Սահակի Հովագուիմիանը:

Նախագահի նստավայրում տեղի ունեցած պարգևատրման հանդիսավոր արարողության ժամանակ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանձնել է պետական բարձր պարգևները:

Հանրապետության նախագահը շնորհավորել է բոլոր պարգևատրվածներին, մաղթել հաջողություններ:

«Պարգևատրվածների շարքում կան շատ զինվորականներ, ովքեր հիմա մեր սահմանն են պաշտպանում և այդ իսկ պատճառով այսօր չեն կարողացել գալ այստեղ: Շատ կցանկանայի, որ իրենք այստեղ լինեին և մենք տեսնեինք ու ճանաչեինք մեր հերոսներին, սակայն նրանք շարունակում են իրենց հերոսական գործը: Շնորհակալություն բոլորին, ովքեր արժանացել են այդ պարգևներին, շնորհակալություն զինվորներին, ովքեր այսօրվա մեր խաղաղ կյանքն են ապահովում»,- ասել է նախագահ Խաչատուրյանը:

Հանրապետության նախագահի խոսքով՝ տարբեր բնագավառներում կան շատ մարդիկ, որոնք արժանի են պետության կողմից առանձնահատուկ ուշադրության: «Պետությունն ունի որոշակի պարտականություններ, որոնք պետք է կատարի և այդ պարտականություններից մեկն է՝ արժանի քաղաքացիներին պարգևատրել, առանձնահատուկ ներկայացնել հանրությանը, ինչը կարող է հանրության մեջ ոգևորություն առաջացնել:

Առանձնահատուկ ուզում եմ պարոն Հրայր Հովագուիմիանի մասին խոսել: Համոզված եմ որ այստեղ հավաքվածներից շատերը գիտեն, թե նա ով է և ինչպիսի վաստակ ունի: 1993 թվականից ճանաչում եմ նրան: Նա արժանացել է Հայաստանի Հանրապետության ամենաբարձր պարգևի՝ Ազգային հերոսի կոչման, և ուզում եմ կրկին բոլորիս կողմից շնորհակալություն հայտնել այն ահռելի աշխատանքի համար, որ նա 1993 թվականից անշահախնդիր կերպով կատարել է: Պարոն Հովագուիմիան հաջողություններ եմ մաղթում Ձեզ: Ձեր գիտելիքներն ու փորձը երիտասարդ սերնդին փոխանցելու պրակտիկան շարունակեք,- ասել է նախագահը: -Այնպես ստացվեց, որ բազմաբովանդակ պարգևատրումներ և կոչումների շնորհում ունենք այսօր: Բոլորիդ մեկ բան է միավորում: Դուք բոլորդ ձեր գործում ձեր մասնագիտական կարողությունները, գիտելիքներն օգտագործում եք բարձր մակարդակով և պետության կողմից արժանացել եք այս բարձր պարգևներին և կոչումներին: Սա միավորում է ձեզ բոլորիդ և օրինակ է բոլորիս համար:

Մենք որպես պետություն այս կերպ ենք փորձում արժանին մատուցել ձեզ: Դուք ավելիին եք արժանի, հավատացեք: Դուք բոլորդ ձեր գործով մեզ ոգևորում եք:

Մենք ապրում ենք դժվարին ժամանակներ: Խնդիրները փորձում ենք լուծել բոլորս միասին, ամեն մեկս մեր տեղում աշխատելով, պաշտպանության նախարարությունը իր տեղում, Սունդուկյանի թատրոնը՝ իր տեղում, սրտաբանական ինստիտուտը՝ իր տեղում: Ամեն մեկն իր գործն է անում և սրանով ենք մենք ուժեղ լինելու: Մենք միասնաբար պետք է լուծենք խնդիրը, որը կոչվում է ինքնաիշխանության պահպանում և արժանապատիվ կյանք:

Ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհավորել բոլորին, մաղթել հաջողություններ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել