2027 թ. մեր երկրում ամբողջությամբ կներդրվի պարտադիր առողջապահական ապահովագրության համակարգը. Անահիտ Ավանեսյան

Պարտադիր առողջապահական ապահովագրությունը առողջապահության բնագավառի բարեփոխումների բաղկացուցիչ մասն է. ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոյեմբերի 17-ին ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովում առողջապահության ռազմավարության հայեցակարգի քննարկման ժամանակ:

Ըստ առողջապահության նախարարի` բովանդակային առումով հիմնովին կբարեփոխվի առողջապահության առաջնային օղակը, կբարձրանա բժիշկների աշխատավարձը: Նախատեսվում է բարձրացնել բժշկական ծառայությունների որակը: Բժիշկները կվերապատրաստվեն, որպեսզի համապատասխանեն ժամանակակից առողջապահական պահանջներին:

Նախարարի հավաստմամբ պարտադիր ապահովագրական համակարգը կներդրվի փուլային տարբերակով: 2023 թ. համակարգին նախատեսվում է հատկացնել 134 մլրդ դրամ: Առաջին փուլով` 2024 թ. տեղի կունենա շահառուների թվի համահարթեցում: Ներկա դրությամբ պետպատվերի շահառուների թիվը կազմում է շուրջ 1 մլն 300 հազար:

«2024 թ. կհատկացվի 175 մլրդ դրամ, որպեսզի ապահովագրական ծառայության փաթեթը հասանելի լինի բոլորին»,- նշել է Անահիտ Ավանեսյանը եւ հավելել, որ 2024 թ. կներդրվի նախ կամավոր ապահովագրության պիլոտային ծրագիրը: 2025 թ. կշարունակվի քաղաքացիների ներգրավումը համակարգում:

Առողջապահության նախարարը նշել է, որ ապահովագրության համար լինելու է ֆիքսված ապահովագրավճար, որի մի մասը կսուբսիդավորի պետությունը: Նրա հավաստմամբ ապահովագրավճարի չափը կախված կլինի շահառուի եկամուտների չափից: Ապահովագրության փաթեթով կսպասարկվեն սիրտանոթային, ուռուցքաբանական, շաքարային դիաբետի եւ այլ հիվանդություններ: Փաթեթի մեջ չեն մտնում ատամնաբուժական, պլաստիկ վիրաբուժության եւ մի քանի այլ ծառայություններ:

Ապահովագրության հիմնական փաթեթին կից կլինեն նաեւ այլ փաթեթներ, որոնք կսպասարկվեն մասնավոր հիմնադրամների միջոցով:

«Ուսումնասիրել ենք Վրաստանի փորձը, որտեղ 58 տոկոսը տնօրինում է մասնավոր հիմնադրամը, իսկ 42 տոկոսը` պետությունը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը եւ ընդգծել, որ մեզանում բալանսավորման հարցը ավելի լավ է դրված:

Նշվել է նաեւ, որ 2025 թ. պետությունը կապահովագրի թոշակառուներին:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը գոհունակություն է հայտնել այն հանգամանքի վերաբերյալ, որ պարտադիր ապահովագրությունը կներդրվի փուլային տարբերակով: Ապահովագրավճարի առնչությամբ հանձնաժողովի նախագահն առաջարկել է սահմանել վճարման սանդղակ: «Շահառուները անարդարության զգացողություն չպետք է ունենան»,- ասել է Նարեկ Զեյնալյանը:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը կարեւորել է այն փաստը, որ ապահովագրության համակարգի սպասարկումը իրականացնելու եւ, այսպես ասած, խաղի կանոնները սահմանելու է պետությունը:

Հարցի քննարկմանը մասնակցել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել