Հիվանդանոցի բժշկուհուն և անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 35-ամյա տղամարդը։
Այս մասին ՀՀ քննչական կոմիտեն հետևյալ հաղորդագրությունն է տարածել․
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում 35-ամյա տղամարդու կողմից խուլիգանություն կատարելու և նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցին ծեծի ենթարկելու դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին՝ ժամը 20:45-ի սահմաններում, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի ընդունարանում Երևանի 35-ամյա բնակիչը անհիմն վիճաբանել է նույն հիվանդանոցի բժշկուհու հետ, որի ընթացքում բռունցքով հարվածել է նրա դեմքին:
Բացի այդ, հաջորդ օրը՝ ժամը 00:35-ի սահմաններում 35-ամյա տղամարդը, նշված հիվանդանոցի դիմաց իր ընկերների հետ վիճաբանել է նույն հիվանդանոցի անվտանգության աշխատակցի հետ, որի ընթացքում մի քանի անգամ ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք:
Նախաքննության ընթացքում հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակել է դատաբժշկական փորձաքննություն:
Երևանի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է»:
Հիշեցնենք՝ երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ ժամը 1։45-ի սահմաններում, արտակարգ դեպք էր տեղի ունեցել «Մուրացան» բժշկական կենտրոնում։ ԲԿ-ից ահազանգ էր ստացվել, որ անհայտ անձինք մուտք են գործել հիվանդանոց, ծեծի ենթարկել անվտանգության աշխատակցին, պատճառել մարմնական վնասվածքներ, բռնության էր ենթարկվել նաև բժշկուհիներից մեկը:
ՀՀ ոստիկանությունից «Հայկական ժամանակ»-ին հաստատել էին լուրը՝ հավելելով, որ կատարվում է նախաքննություն։
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ավելի ուշ անդրադարձել էր «Մուրացան» ԲԿ-ում բժշկին ծեծի ենթարկելու դեպքին՝ նշելով, որ, հավատարիմ մնալով իր կոչմանը, անգամ բռնությունից հետո բժշկուհին լուռումունջ շարունակել է իր մասնագիտական առաքելությունը և բուժօգնություն ցուցաբերել փոքրիկին, ում ծնողը համարձակվել էր անթույլատրելի ու պատժելի արարք կատարել: