ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով Վրաստանում է:
Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում գործընկերները մտքեր են փոխանակել օրակարգային առաջնահերթությունների շուրջ:
«Մենք առանձնապես կարեւորում ենք Վրաստանի հետ մեր հարաբերությունները, եւ պատահական չէ, որ Հայաստանի կառավարության՝ 2021-2026 թթ. գործողությունների ծրագրում Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն առաջնահերթություն է: Հետաքրքրված ենք Վրաստանի հետ ռազմավարական գործընկերության հաստատմամբ»,-նշել է Ալեն Սիմոնյանը:
Շալվա Պապուաշվիլին վստահություն է հայտնել, որ երկու երկրների միջեւ շարունակական երկխոսության եւ համագործակցության ամրապնդումը լրացուցիչ խթան է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության համար: