Շարունակվում են ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնած հրաձգության դասընթացները:
Մասնակիցներն անցնում են հատուկ պատրաստվածություն, ծանոթանում զենքի կիրառման հմտություններին, ուսումնասիրում առաջին բուժօգնության որոշ նրբություններ և իրականացնում հրաձգության գործնական պարապմունք:
Iravaban.net–ի հետ զրույցում մասնակիցներից Անահիտ Մաթևոսյանն ասաց, որ իրեն իր մայրն է ուղղորդել, որպեսզի մասնակից ՊՆ-ի նախաձեռնած դասընթացին:
Նրա կարծիքով՝ նման դաընթացներն անհրաժեշտ են կանանց համար:
«Զենքից օգտվելու գիտելիքներ ստանալու համար եմ այստեղ: Ցանկություն ունեմ խորացնել գիտելիքներս: Կարծում եմ սա պետք էր մեզ և եթե շարունակական լինի՝ ավելի արդյունավետ կլինի»,-նշեց մեր զրուցակիցը:
Անահիտն ընդգծեց՝ եթե կարիքը լինի, պատրաստ է մասնակցել նաև երկրի պաշտպանությանը:
Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանի խոսքով՝ ստեղծվել է առցանց հարթակ https://shooting.mil.am, որպեսզի հրաձգության դասընթացի մասնակիցները կարողանան դասընթացի ավարտին իրենց կարծիքները, մեկնաբանությունները, առաջարկությունները փոխանցել ՊՆ-ին:
«Ինչպես հայտնել է Պաշտպանության նախարարը՝ այսպիսի ծրագրերը շարունակական են լինելու: Մեզ տրված հիմնական խնդրանքները եղել են, որ այսօրինակ ծրագրերը լինեն շարունակական: Ինչպես նշել էինք, ծրագիրը նախատեսված է զինվորական ծառայություն չանցած, այսինքն՝ պահեստազորում հաշվառում չանցած քաղաքացիների համար, և այս ծրագրի նպատակն է, որպեսզի մեր քաղաքացիները ծանոթանան հրաձգության, մարտական զենքի հետ վարվելու նախնական կանոններին»,-ասաց նա:
Արամ Թորոսյանը նշեց նաև, որ ծրագրի նպատակներից մեկն էլ զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելն է:
ՊՆ-ի կազմակերպած դասընթացին մասնակցում են նաև խմբերով: Օրինակ՝ N24 մսուր-մանկապարտեզի տնօրեն Ծաղիկ Բաբայանը Iravaban.net–ի հետ զրույցում նշեց, որ եկել է իր աշխատակիցների հետ: Մասնակցության առաջարկն իրենն է եղել:
«Ես գտա, որ յուրաքանչյուր կին, յուրաքանչյուր մայր պետք է տիրապետի զենքից օգտվելու արվեստին, որովհետև սա իրոք արվեստ է և պարտավորեցնող: Հայ կինը միշտ կանգնած է եղել իր տղամարդու թիկունքին: Միանշանակ նորից կմասնակցենք: Իմ տղան մասնակցել է Ապրիլյան և Արցախյան 2-րդ պատերազմներին և ես այն երջանիկ մայրերից եմ, ով ողջ ու առողջ ընդունել է որդուն: Պատերազմի ընթացքում շատ էի մտածում տղայիս ու բոլոր զինվորների կողքին լինելու մասին, որ ինչ-որ կերպ կարողանայի նրանց օգնել»,-նշեց նա:
Ծաղիկ Բաբայանը կոչ արեց բոլոր մայրերին, որ չխուսափեն և գան ու սովորեն կրակային պատրաստություն, որովհետև դա օգնելուց զատ, չի խանգարելու:
Ինչպես արդեն հայտնել են Պաշտպանության նախարարությունից, նոյեմբերի 12-ին կազմակերպվել էր հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների այցելություն զորավարժարան՝ քաղաքացիների մարտական հրաձգության դասընթացները լուսաբանելու նպատակով։