ՀՀ կառավարությունը 2022 թվականի համար նախատեսել էր վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ։ Այս մասին հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք արդեն իսկ ունենք 500 կմ գերազանցող ցուցանիշ (510-520 կմ)։ Ասֆալտապատված ճանապարհների մասով սա նախորդ բոլոր տարիների համեմատ ռեկորդային ցուցանիշ է, և դեռ այդ թվում ներառված չեն համայնքային միջոցներով, սուբվենցիոն ծրագրով կառուցված ճանապարհները։ Եվ եթե եղանակային պայմանները թույլ տան, ապա մինչև տարեվերջ հնարավոր կլինի այս թիվն ավելացնել։
Այս տարի իրականացվել է ավելի քան 288 կմ ճանապարհի հիմնանորոգում։ Միջին նորոգման է ենթարկվել միջպետական և հանրապետական նշանակության ավելի քան 145 կմ ճանապարհ։ Եվ աշխատանքները դեռ շարունակվում են։ Մեծ ծավալի ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվել Հյուսիս-հարավ ծրագրի Տրանշ-3-ի՝ Թալին-Գյումրի, Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման հատվածներում, ճանապարհներ են նորոգվել Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրով։
Վստահ եմ, որ այս ցուցանիշն իր ազդեցությունն է ունենալու երկրի տնտեսական զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացման վրա»,-նշել է նա։