«Էլիզա և Գոհար» պահածոների գործարան սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դատական հայց է ներկայացրել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության դեմ՝ պահանջելով պատճառված վնասի փոխհատուցում: Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Գործը դատարան է մուտքագրվել 2020 թվականի հունիսի 2-ին:
«2020 թվականին գործող Էլեկտրական էներգիայի մատակարարման և օգտագործման կանոնների համաձայն՝ քաղաքային բնակավայրերում, եթե հոսանքազրկում է եղել առանց բնակիչներին նախապես զգուշացնելու, որը կապված չէ վթարների և այլ հանգամանքերի հետ, 2 ժամից ավել իրավունք չունեն հոսանքազրկել, իսկ գյուղական բնակավայրերում՝ 4: Հոսանքազրկում է եղել 13.5 ժամից ավել ժամանակով, այդ ընթացքում «Էլիզա և Գոհար» պահածոների գործարան ՍՊԸ-ի ապրանքները փչացել են»,-այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց ընկերության ներկայացուցիչ Արևհատ Սիմոնյանը:
Փաստաբանը նշեց, որ դատարան են դիմել, որպեսզի կրած վնասները փոխհատուցեն. «Խոսքը՝ փչացած ապրանքների մասին է, որոնց արժեքը կազմել է 702 հազար դրամ, ինչպես նաև դատական ծախսերը ստանալու համար: Ընդհանուր առմամբ մեկ միլիոն դրամից ավել գումարի մասին է խոսքը»:
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ը անգործություն է ցուցաբերել, որի արդյունքում ընկերությունը կրել է խոշոր չափերի վնաս:
«Որևէ ակտիվ գործողություն չեն կատարել, որպեսզի վթարը ժամանակին վերացվի»,-նշեց Արևհատ Սիմոնյանը:
Iravaban.net-ը զրուցել է նաև պահածոների գործարանի տնօրեն Ավագ Հովհաննիսյանի հետ:
«13 ժամից ավել հոսանք չի եղել, ոլոռի պահածոն փչացել է»,-ասաց նա:
Ավագ Հովհաննիսյանը նշեց, որ նախապես չեն ծանուցվել, որ հոսանքազրկում է լինելու:
Նշենք, որ դատական գործը դեռ ընթացքի մեջ է:
Հարգելի՛ քաղաքացիներ, եթե որևէ բողոք ունեք «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գործունեության վերաբերյալ՝ կարող եք գրել ֆեյսբուքյան մեր էջին: