Հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարումներով տառապող անձին հոսպիտալացումից անմիջապես հետո բացատրվում են նրա իրավունքներն ու պարտականությունները, տեղեկություններ են տրամադրվում հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում:
Հոգեկան խանգարումներով տառապող անձին իր իրավունքների իրազեկման հետ տրվում է հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրազեկման թերթիկ:
Հոգեբուժական կազմակերպության ղեկավարն իր հրամանով սահմանում է հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարմամբ տառապող անձին նրա իրավունքների մասին իրազեկման համար պատասխանատուներին:
Հոգեկան խանգարումներով տառապող անձին իր իրավունքները բացատրվում են այն լեզվով և այն եղանակով, որը հասկանալի է տվյալ անձի համար: Ընդ որում, տվյալ իրավունքների բացատրությունը ներառում է իրավունքների ու դրանց իրականացման մեխանիզմների պարզաբանումը:
Նշվածի վերաբերյալ բուժող բժիշկը կամ ընդունարանի բժիշկը կամ բաժանմունքի վարիչը գրառում է կատարում հոգեկան խանգարմամբ տառապող անձի բժշկական քարտում` նրա կամ նրա օրինական ներկայացուցչից (եթե անձն անգործունակ կամ սահմանափակ գործունակ է ճանաչված, կամ եթե անձն անչափահաս է) վերցնելով ստորագրություն:
Եթե հոգեկան խանգարումով տառապող անձն ի վիճակի չէ հասկանալ իր իրավունքները կամ ստորագրել իր իրավունքների իրազեկման թերթիկը, ապա տվյալ անձի իրավունքները բացատրվում են անձի օրինական ներկայացուցչին, եթե այդպիսին առկա է, որն էլ ստորագրում է նշված իրազեկման թերթիկը: Դրա մասին բաժանմունքի վարիչը գրառում է կատարում բժշկական քարտում:
Եթե հոգեբուժական կազմակերպությունում գտնվող հոգեկան խանգարմամբ տառապող անձը, իր առողջական վիճակից ելնելով, չի ստորագրել իր իրավունքների իրազեկման թերթիկը, ապա անձի առողջական վիճակի բարելավման դեպքում տվյալ անձը կրկին իրազեկվում է իր իրավունքների մասին, որի վերաբերյալ ստորագրում է բժշկական փաստաթղթերում:
Անկախ տվյալ անձի տվյալ հոգեբուժական կազմակերպությունում նախկինում բուժվելու փաստից, յուրաքանչյուր անգամ այդ կազմակերպություն ընդունվելու դեպքում հոգեկան խանգարումով տառապող անձին, սույն կարգին համապատասխան, իրազեկում են իր իրավունքների մասին: Անձին տեղեկություններ են տրամադրվում հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու նպատակի և պատճառների մասին` դրանց վերաբերյալ նշում կատարելով բժշկական փաստաթղթերում: