Հարկային ծառայողը ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք կիրառելուց (գործադրելուց) առաջ նախազգուշացնում է այդ մտադրության մասին` տալով իր պահանջները կատարելու համար բավարար ժամանակ, բացառությամբ անակնկալ, զինված, ռազմական տեխնիկայի և փոխադրամիջոցների օգտագործմամբ հարձակումների և այլ իրադրությունների, երբ նման նախազգուշացումն ստեղծված իրավիճակում անտեղի է, անհնարին կամ կարող է առաջացնել վտանգ իր կամ այլ անձանց կյանքին և առողջությանը, հանգեցնել այլ ծանր հետևանքների: Իրավախախտման վտանգավորության աստիճանից և դա կատարող անձի ինքնությունից, ինչպես նաև դիմադրության ուժից ելնելով` վտանգի վերացմանն ուղղված գործողությունների հետևանքով հնարավոր վնասները հարկային ծառայողի կողմից պետք է հասցվեն նվազագույնի: Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) դեպքում հարկային ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով, իսկ զենքի կիրառման բոլոր դեպքերի մասին` նաև դատախազին:
Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և զենքի կիրառման (գործադրման) հետևանքով առաջացած մարմնական վնասվածքների, մահվան բոլոր դեպքերի մասին հարկային մարմնի ղեկավարը կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն անմիջապես տեղյակ է պահում առողջապահության և դատախազության համապատասխան մարմիններին:
Ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և զենք օգտագործելու լիազորությունների սահմանազանցումն առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով: