Վահրամ Կ․-ն դիմել է դատարան, պահանջել է հաստատել «ԱյԴի» բանկի կողմից իրավունքի խախտման փաստը և բռնագանձել 300 հազար դրամ։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից։
Հայցվորը, դիմելով դատարան, հայտնել է՝ իր և բանկի միջև կնքվել է վճարային քարտերի տրամադրման և սպասարկման դիմում-պայմանագիր, որի համաձայն` բանկը հայցվորի համար թողարկել է քարտ և հայցվորի անվամբ բացել է քարտային հաշիվ։ Պայմանագրի համաձայն՝ հայցվորը խնդրել է քարտային հաշվի քաղվածքները և բանկի կողմից ներկայացվող այլ տեղեկատվություններն իրեն տրամադրել էլեկտրոնային փոստի միջոցով: Հայցվորի կողմից պատասխանողին ներկայացվել է դիմում հաղորդակցման եղանակը փոխելու մասին, սակայն դիմումին ի պատասխան պատասխանողը հայտնել է, որ քաղվածքների ու պարտադիր ներկայացման տեղեկությունների տրամադրման եղանակը հնարավոր է փոխել բացառապես նույնականացնելու դեպքում, որի համար Վահրամ Կ․-ն պետք է այցելի բանկ։
Հաղորդակցման եղանակի փոփոխությունից հետո մի քանի ամիս Վահրամ Կ․-ին չի տրամադրել հաշվի քաղվածքները։
Ըստ հայցվորի՝ «ԱյԴի» բանկը պարտավոր էր իր դիմումը ստանալուց հետո 30-օրյա պարբերականությամբ իրեն տրամադրել բանկում առկա հաշվի վերաբերյալ հաշվի քաղվածք, իսկ նշված պարտավորության չկատարման դեպքում վերջինս իրավունք ունի դատական կարգով պահանջել իրավունքի խախտման փաստի հաստատում, որի հաստատման պարագայում պատասխանողը պարտավոր է հայցվորին վճարել 300 հազար դրամ` որպես պարտավորության խախտման համար նախատեսված տուժանք:
Բանկը նշել է, որ հաղորդակցության կարգը փոխելու վերաբերյալ հաճախորդի ներկայացված դիմումը պատշաճ չէ և չի կարող առաջացնել իրավական հետևանքներ։
Դատարանը, լսելով պատասխանողի ներկայացուցչին, ուսումնասիրելով հայցադիմումը և գործով ձեռք բերված ապացույցները, գնահատելով դրանք և գործի մյուս տվյալները, եկավ այն համոզման, որ հայցը հիմնավոր է և ենթակա է բավարարման։
«․․․Բանկը պարտավոր է իր կողմից կամ ավանդային պայմանագրում նշված պարբերականությամբ, որը չպետք է գերազանցի մեկ ամիսը, ավանդատուին տրամադրել ավանդատուի՝ բանկում առկա յուրաքանչյուր հաշվի վերաբերյալ հաշվի քաղվածք, որում հստակ և առանց որևէ շփոթեցուցիչ, խրթին կամ մոլորեցնող ձևակերպումների ներկայացվում են`
1) յուրաքանչյուր օրվա կտրվածքով հաշվի դեբետագրումները, կրեդիտագրումները և հաշվի մնացորդը.
2) վաստակած տարեկան տոկոսային եկամտաբերության չափը.
3) ստացված տոկոսի գումարը.
4) գանձված սակագները և տուժանքները.
5) հաշվետու ժամանակաշրջանի օրերի քանակը»,-նշվում է դատարանի որոշման մեջ:
Առաջին ատյանի դատարանը, դատավոր Ավագ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել է Վահրամ Կ․-ի պահանջը։ «ԱյԴի» բանկը դիմել է վերաքննիչ դատարան, սակայն դատարանը հոկտեմբերի 7-ի որոշմամբ մերժել է բանկի բողոքը։