Ներքին Չարբախում 20 գերեզմանատեղ ամբողջությամբ կոյուղաջրով է ծածկվել. Երևանի քաղաքապետարան

Ներքին Չարբախի գերեզմանատան տարածքով է անցնում Երևանի գլխավոր կոյուղատար համակարգը: Հսկայական խողովակների վնասվելու պատճառով կոյուղաջուրը լցվել է հարակից գերեզմաններ ու ամբողջությամբ ծածկել: Ճահճացած տարածքին մոտենալն անհնար է:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Կոյուղու վնասվելու պատճառով մոտ 20 գերեզմանատեղի անցել է եղեգների տակ»,-նշում է գերեզմանատան վարիչը:

Խնդիրն ավելի քան տասը տարվա պատմություն ունի: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել էր տարածքի մաքրում, սակայն խողովակաշարի վերականգնումն ու կոյուղատարի սպասարկումը «Վեոլիա ջուր» ընկերության տիրույթում է:

««Վեոլիա ջուր» ընկերությունն է պատը դրել, որ կոյուղաջուրը գերեզմանատեղիներ չհոսի, մինչև հետագայում իրենք մրցույթով խնդիրը լուծեն: Մեր կողմից էլ հետագայում հսկողություն կսահմանվի, որ այդպիսի դեպք չկրկնվի»,-նշում է «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրենի ժ/պ Հրաչյա Նազարյանը:

«Ուզում ենք ճահճի չորացումից հետո մաքրել ու բացել տարածքը: Գերեզմանատերերն էլ են պահանջում, որ այս խնդիրը լուծվի»,-ասում է գերեզմանատան վարիչ Սուրեն Ասպոյանը:

Կոյուղաջրի հոսքը պահող պատը ժամանակավոր լուծում է. այն հոսում, լցվում էր հարակից Արարատի մարզի մշակովի հողատարածքներ: «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը դեռ ամիսներ առաջ հողաթմբով պատնեշել էր ջրի հոսքը, բայց մի գիշերում այն կրկին բացվել էր: Թե ով էր արել և ինչու՝ չգիտեն, իսկ հարակից տարածքների բնակիչներն ասում են, որ նախկինում իրենց տարածքը ոռոգել են հենց այդ ջրով:

Օրերը տաքանալուն պես գարշահոտությունն այստեղից տարածվում է հարակից բնակավայրեր: Բնակչության անվտանգության և քաղաքի բնապահպանական խնդիրը լուծելու համար քաղաքապետարանը պատրաստ է կիրառել հնարավոր բոլոր միջոցները:

Տեսանյութը՝ այստեղ

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել