Նիկոլ Փաշինյանի պատասխանը Իլհամ Ալիևի «տխրահռչակ ելույթին»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նոյեմբերի 8-ին արած հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Ադրբեջանի իշխանությունների աշխարհաքաղաքական հավակնությունները շարունակում են սպառնալիք լինել Հարավային Կովկասի և ավելի լայն տարածաշրջանի անվտանգության և կայունության համար։

Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Միջազգային հանրությանն ուղղված անհասցե և ՀՀ-ին ուղղված հոխորտանքներով լեցուն այդ ելույթը, որտեղ Ադրբեջանի նախագահը փորձ է անում պայմանավորվածությունները և պարտավորությունները չկատարելու մեջ մեղադրել Հայաստանին և մեր կառավարությանը՝ փաստում է տրամագծորեն հակառակը։ Ընդ որում, Ալիևի հայտարարույթունները հնչում են Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման և հավանական խաղաղության պայամանգրի շուրջ քննարկման հենց հաջորդ օրը, երբ կողմերի պատվիրակությունները դեռ չէին էլ հասցրել վերադառնալ իրենց մայրաքաղաքներ։

Տխրահռչակ այդ ելույթով Ադրբեջանի ղեկավարությունը կոպտորեն խախտել է ընդամենը օրեր առաջ՝ սույն թվականի հոկտեմբերի 31-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարությամբ արձանագրված գրավոր պայմանավորվածությունը՝ ուժի կիրառումից և ուժի կիրառման սպառնալիքից ձեռնպահ մնալու մասին: Ի հեճուկս Սոչիի հոկտեմբերի 31-ի և սույն թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի հայտարարության, Ադրբեջանի ղեկավարը բարձրաձայնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ունեցած նկրտումների մասին, հայաստանյան մի շարք բնակավայրերի անվանումների ու այլանունների սպառնալից օգտագործմամբ խաղաղ բնակչությանը ահաբեկելու ակնհայտ մղումով:

Ադրբեջանի կողմից եռակողմ և այլ ձևաչափերում ընդունված հայտարարությունների ու պայմանավորվածությունների խախտումները խրոնիկ բնույթ ունեն, ինչն արտահայտվում է հետևյալում.

2020 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը ապօրինի կերպով օկուպացրել է Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերը և հարակից տարածքները՝ ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրականացվում է կրակի ամբողջական դադարեցում, դադարեցվում են բոլոր ռազմական գործողությունները, և կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում:

Ադրբեջանը նմանատիպ օկուպացիա իրականացրել է նաև 2022 թվականի մարտին՝ ներխուժելով Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի և խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված շփման գիծը, և հիմա Ադրբեջանի նախագահը հպարտությամբ դա անվանում է «օպերացիա Փառուխ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանն գրեթե ամեն օր խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հաստատված շփման գծում՝ զուգահեռաբար հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի։

«Այս պնդումն ինքնին 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է։ Նաև Ադբրեջանի կողմից ստորագրված այդ հայտնի փաստաթղթում 4 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղ անվանումը։ Ադրբեջանը մինչև օրս քայլեր չի ձեռնարկել նաև ԼՂ ներկայացուցիչների հետ միջազգային հանրության համար տեսանելի երկխոսություն սկսելու ուղղությամբ, ինչի վերաբերյալ պարտավորություն է ստանձնել միջազգային մի շարք հարթակներում։ Զուգահեռաբար փորձ է արվում կառուցողական երևալ Ադրբեջանի կողմից և հայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղի հայերը իրենց քաղաքացիներն են և նրանց իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորված է։ Թե որքան է այս պնդումն իրականությանը համապատասխանում՝ կարելի է գործնականորեն ապացուցել՝ ստուգելով, թե Ադրբեջանն ինչ պայմաններ է ստեղծել և ինչ քայլեր է ձեռնարկել Հադրութի և Լեռնային Ղարաբաղի այլ հայաբնակ տարածքների հազարավոր բնակիչների անվտանգ վերադարձի համար, որոնք տեղահանվել են 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով։ Ադրբեջանի կողմից այս ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվել, ինչը 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի կոպիտ խախտում է։ Այս նույն կետի խախտումով Ադրբեջանը խոչընդոտում է ՄԱԿ-ի, մասնավորապես՝ Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների մուտքը Լեռնային Ղարաբաղ։

Այս և նմանատիպ մի շարք գործողություններ ու հայտարարություններ ակնհայտ են դարձնում, որ Ալիևը ոչ միայն սպառնում է, այլև արդեն նախապատրաստում է Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպանություն։ Այս մտադրությունն արտահայտված է նաև Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայման ժամկետների մասին Ադրբեջանի նախագահի մեկնաբանություններում, որոնք իրենց հերթին կոպտորեն խախտում են եռակողմ ֆորմատով ընդունված հայտարարություններից 3-ը»։

Նրա խոսքով՝ ԼՂ-ի հայության ցեղասպանության նախապատրաստման շրջանակներում է Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում ԼՂ-ում բանակ ունենալու մեջ:

«2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահները տեղակայվում են 5-ամյա ժամկետով, հերթական հնգամյա ժամկետների ինքնաբերաբար երկարացումով: Կրկնում եմ, ինքնաբերաբար երկարացումով: Սա, ըստ էության, նշանակում է, որ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում տեղակայված են անժամկետ, քանի դեռ հասցեագրված չեն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հետ կապված բոլոր հարցերը եւ փարատված չեն Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգային բոլոր մտահոգությունները»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել