Հայ բեռնափոխադրողների այլընտրանքը. ՌԴ-Վրաստան լաստանավային ուղին․ Aliq.ge

Վրաստանից Ռուսաստան լաստանավային անցման գործարկման հետաձգման պատճառների մասին Հայաստանի Հարապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հայտարարությանն արձագանքելով` վրաց տնտեսագետներն ու քաղաքագետները ենթադրում են, որ գործարկմանը, հավանաբար, խանգարում են միաժամանակ մի քանի հանգամանքներ, և դրանց թվում է, թերևս, Ռուսաստանի Դաշնության նկատմամբ ծավալվող ամենախիստ պատժամիջոցների փաստը։

Այս մասին գրում է  Aliq.ge-ն։

Տնտեսագետ, Business Media Georgia-ի խմբագիր, Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր Գիորգի Իսակաձեն «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասաց, որ պատժամիջոցների խնդիրը հիմնական արգելակող գործոնն է, որն այսօր բազմաթիվ ուղղություններով խոչընդոտներ է ստեղծում այդ անորոշության պատճառով, ինչը հղի է միջազգային խիստ պատժամիջոցների գործարկմամբ։

«Հարցը, հավանաբար, Հայաստանի իշխանությունը պետք է հստակեցնի միջազգային մակարդակով, այլապես դժվար թե պատկերացնեմ դրա հստակեցման հեռանկարը մինչև ձմեռ»,- կարծում է Իսակաձեն:

Տնտեսագետն այդ իրավիճակը նմանեցնում  է Վրաստանում առկա խնդրին՝ VTB BANK Վրաստանի վաճառքին.

«Այսօր այդ բանկը գնելու ցանկություն ունեցողներ կան, բայց դա բարդ հարց է, քանի որ բանկը ենթարկված է պատժամիջոցների, և գործարք կնքելու համար պահանջվում է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության թույլտվությունը»:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է Վրաստանից Ռուսաստան լաստանավային անցման գործարկման հետաձգման պատճառները։ Նրա խոսքով, Փոթի նավահանգստի օպերատոր ընկերությունը խստորեն պահպանում է Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի և ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների կատարումը։

Քերոբյանի խոսքով, ընկերությունից դեռ պատասխան չեն ստացել, թե ինչքան ժամանակ է պահանջվելու այս կամ այն ​​բեռը բաց թողնելու-չթողնելու վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Նախարարը հույս է հայտնել, որ լաստանավային անցումը կգործի մինչև ձմեռ։

«Մենք ցանկանում ենք, որ այս միությունը լինի այնքան կայուն և կանխատեսելի, որ պետբյուջեից ծախսվող միջոցները մեզ տնտեսական արդյունք տան»,- ասել է Քերոբյանը։

Ի դեպ, Փոթիի նավահանգիստը կառավարում է հոլանդական APM Terminals Poti նավային ընկերությունը։

Մինչ այդ` հայկական կողմը բազմիցս հայտարարել է, որ, շուտով Սև ծովով հավանաբար կսկսվի Ռուսաստանի և Վրաստանի միջև բեռների լաստանավային փոխադրումը, որից կկարողանան օգտվել Հայաստանի բեռնափոխադրողները։ Խոսքը Փոթի նավահանգիստը Ռուսաստանի Կովկասի նավահանգստի հետ կապող լաստանավային անցուղու մասին է։ Լաստանավային անցումն այլընտրանք է վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս»՝ Հայաստանը Ռուսաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհին։

Օգոստոսին Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը, որը Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությանը կից կառույց է, հայտարարություն էր  տարածել, որում պարզաբանվել էր միայն, որ Վրաստանի տարանցիկ միջանցքի ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանին սպասվում է արագ փչացող ապրանքների առաքման ուշացում։ Ուստի, ըստ գործակալության՝ ՀՀ կառավարությունը Վրաստանի կառավարությանը խնդրել էր դիտարկել ծովային տրանսպորտը որպես այլընտրանք Լարսի սահմանային կետի:

Հայտարարության մեջ գրված էր նաև, որ Հայաստանը քանի որ ելք չունի դեպի ծով` օգտվում է վրացական նավահանգիստներից, ինչը նախատեսված է միջազգային կոնվենցիայով։

Օգոստոսի վերջին Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր, որ Վրաստանն ավարտել է խորհրդակցությունները տրանսպորտային ընկերությունների հետ՝ Ռուսաստանի հետ լաստանավային անցման բացման առումով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել