Քաղաքացուն կրկնակի վարչական պատասխանատվության ենթարկելու խնդիրը լուծված է

Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն էր դիմել Հրազդան քաղաքի նախկին բնակիչ, անհատ ձեռնարկատեր Մ. Հակոբյանի քույրը, հայտնելով, որ 2009թ. ապրիլին իր քույրը Հրազդան քաղաքից տեղափոխվել և բնակություն է հաստատել Երևան քաղաքում: Բնակավայրի փոփոխության պատճառով, սահմանված ժամկետում չի ներկայացրել անհատական հաշվետվությունը՝ տարածքային հարկային տեսչություն: Փաստի կապակցությամբ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Հրազդանի տարածքային բաժնում 22.04.2009թ. կազմվել է արձանագրություն: Արձանագրության հիման վրա` ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.18 հոդվածի 1-ին մասը խախտելու համար 27.04.2009թ. կայացվել է որոշում Մ. Հակոբյանին 20.000 ՀՀ դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ:
22.05.2009թ. միևնույն հիմքով` նույն արարքի համար Մ Հակոբյանի նկատմամբ արդեն Երևանում կայացվել էր վարչական իրավախախտման մասին որոշում, ըստ որի` վերջինս պետք է վճարեր վարչական տուգանք 20.000 ՀՀ դրամ չափով: Մ. Հակոբյանը 05.06.2009թ. վճարել է տուգանքով սահմանված ամբողջ գումարը և, իր քրոջ պնդմամբ, վճարման մասին անդորրագիրը ներկայացրել է Հրազդանի տարածքային բաժին, որի աշխատակիցները անտեսելով մուծման փաստը՝ իրենցից կրկին պահանջել են վճարել տուգանքի գումարը:
Ամիսներ շարունակ բախվելով սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատողների անտարբեր վերաբերմունքին, շահառուն որոշեց դիմել Կոտայքի ՇՊԱԿ և ինչպես ցույց տվեց դեպքերի հետագա ընթացքը: Եվ չսխալվեց:
Վերոգրյալի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով 06.08.2009թ. Կոտայքի ՇՊԱԿ-ը գրություն է հղել ՀՀ ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Հրազդանի տարածքային բաժնի պետին, որտեղից ստացված տեղեկությունների համաձայն խնդիրը ստացել է դրական լուծում, իսկ քաղաքացին այլևս ստիպված չէր արժանանալ պետական մարմինների աշխատակիցների անտարբեր վերաբերմունքին և կրկնակի անգամ մուծել վարչական իրավախախտման հետևանքով առաջացած տուգանքը:
Կոտայքի ՇՊԱԿ-ի արագ միջամտության արդյունքում հաջողվեց լուծել ամիսներ շարունակ ձգձգվող խնդիրը:
Իր շնորհակալությունը հայտնելու նպատակով շահառուն Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոնին նվիրեց մի փոքր հուշանվեր շնորհակալական բացիկով, որում նշված էր, որ Կոտայքի մարզի Շահերի պաշտպանության և աջակցության կենտրոն նպաստեց արդարության վերականգնմանը:

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել