Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով. հայտարարություն

Ազատության հրապարակում այսօր՝ նոյեմբերի 5-ին, ընդդիմության հրավիրած միասնության հանրահավաքը ամփոփվեց հայտարարությամբ, որը ներկայացրեց Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը։

«Մենք ողջունում ենք արցախահայ մեր քույրերի և եղբայրների պայքարը շարունակելու հավաքական կամքը։ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում այս գաղափարն է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի հիմքում և մենք այն պաշտպանելու ենք ամեն գով։ Հայաստանի օրվա իշխանությունների վարած քաղաքականությունը վտանգում է Հայաստանի ինքնիշախանությունը, տարածքային ամբողջականությունը, ՀՀ անկախության հռչակագրում ամրագրված դրույթների կյանքի կոչումը։ Սպառնում է հայկական Արցախի գոյությանը, արցախահայերի անօտարելի իրավունքների իրացմանը։ Մեր երկիրը ներքաշում են աշխարհաքաղաքական արկածախնդրության, փչացնում մեր հարաբերությունները դաշնակից ու բարեկամ երկրների հետ, բերում են նոր պատերազմ, կորուստներ և կապիտուլացիա։ Հայաստանը չպետք է հայտնվի Ռուսաստան-արևմուտք բախման կիզակետում։

Արտաքին կողմնորոշումների քաղաքականությունը ղարաբաղյան հակամարտության հիմքում դնելը խիստ վտանգավոր է և անընդունելի։ Մենք կողմ ենք հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, բայց առանց նախապայմանների, ուժի կիրառման և սպառնալիքի։  Զանգեզուրի միջանցքը պահանջելու թուրք-ադրբեջանական պահանջը չունի որևէ իրավական հիմք։ Ադրբեջանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ վերադարձնի հայ ռազմագերիներին, պահվող այլ անձանց, դուրս բերի իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։

Թուրքիան չպետք է ՀՀ-ի հետ խոսի վերջնագրերի լեզվով։ Մեր առաջնային խնդիրները պետք է լինեն հանրային համերաշխության ապահովումը։ Բանակի վերականգնումը։ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումը։ Հայաստան-Արցախ-սփյուռք եռամիասնությունը։

Համաձայն Հայաստանի Հանրապետության գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման՝ Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում։

Մենք արձանագրում ենք՝ ներկայումս հայ ժողովրդի թիկունքում բանակցվում են մեզ համար սկզբունքային և ճակատագրական նշանակություն ունեցող հարցեր։ Օրվա իշխանությունըամբողջությամբ դրժելով իր իսկ նախընտրական խոստումները և Կառավարության ծրագիրը այդ բանակցություններում գնում է Հայաստանի ինքնիշխանությունը,Արցախի գոյությունը հարցականի տակ դնող պայմանավորվածությունների։ Այդ բանակցությունները հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին, քանի որ ընթանում են Ադրբեւանի կողմից ուժի կիրառման և դրա սպառնալիքի պայմաններում։

Մենք հայտարարում ենք, որ ՀՀ Սահմանադրության ներպետական օրինական ընթացակարգերի և միջազգային իրավունքի նորմերի խախտումով Հայաստանի օրվա իշխանությունների գրավոր, թե բանավոր հայտարարությունները, խոստումները, համաձայնությունները չունեն իրավական ուժ և անխուսափելի իշխանափոխությունից անմիջապես հետո դիտվելու են առ ոչինչ։

Մեր համոզմամբ Հայաստանը միջազգային հարաբերություններում պետք է հանդես գա նոր բանակցողով։ Կոչ ենք անում ՀՀ և ԱՀ քաղաքացիներին, հայ ժողովրդին՝ չտրվել հիասթափությանը ու հոռետեսությանը, պատրաստ լինել՝ պայքարելու հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր երկրի անվտանգ և բարեկեցիկ ապագայի։

Նոյեմբերի5, 2022 թվական, Ֆրանսիայի հրապարակ»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել