Կրթության, գիտության, մշակույթի և սոպրտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը դիմել է ուսուցիչներին՝ նշելով, որ տարբեր հարթակներում և տարբեր առիթներով բավական երկար քննարկվել են պարտադիր վերապատրաստման համակարգի խնդիրները:
«Այս տարի Հանրակրթության մասին ՀՀ օրենքի փոփոխությամբ նախատեսել էինք, որ ուսուցիչների մասնագիտական զարգացման ծրագրերը պետք է բխեն իրենց կարիքներից: Այժմ հանրային քննարկման ենք ներկայացրել վերապատրաստման նոր կարգը, որում ամրագրել ենք, որ ուսումնական տարվա սկզբից պետք է իրականացվի ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատում, որից ելնելով էլ կորոշվեն ուսուցչի վերապատրաստման ուղղությունները:
Ընդ որում, ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը գնահատվելու է երեք միջոցներով.
– ինքնագնահատման՝ հենց ուսուցչի կողմից,
– դպրոցի ներսում՝ մեթոդմիավորման և մանկավարժական խորհրդի կողմից,
– արտաքին գնահատման միջոցով:
Կարգում ներկայացված է նաև այս երեք տարբեր միջոցների համադրման և հավասարակշռման մոտեցումը:
Ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլը սահմանվում է հինգ տարի և յուրաքանչյուր տարի ուսուցիչը կկարողանա հավաքել տվյալ տարվա համար սահմանված կրեդիտները:
Առաջիկայում կներկայացնենք նաև բուն վերապատրաստման ծրագիրն ու կրեդիտների չափաքանակները, որով պարզ կդառնա տարբերակված մոտեցումը ուսուցիչների մասնագիտական զարգացման նկատմամբ՝ կախված նաև վերջիններիս ստաժից և այլ գործոններից: Խնդրում եմ ակտիվորեն քննարկել, ներկայացնել առաջարկներ, որովհետև սա ուսուցիչների գործունեությանն առնչվող առանցքային նախագիծ է:
Կարգի նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/4844/about»,-նշել է փոխնախարարը։