Ավարտվեց Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Նոյեմբերի 1-4-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը:

Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

Ժողովն ատենապետեց Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, նիստերը վարեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ, Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը:

Մայր Տաճարի հիմնանորոգության ընթացքի, Տաճարի օծման և Մյուռոնօրհնության արարողությունների նախապատրաստման մասին ԳՀԽ-ին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը:

Ժողովականները գոհունակությամբ արձանագրեցին, որ Մայր Տաճարի հիմնանորոգման և շրջափակի բարեկարգման աշխատանքները մոտենում են ավարտական փուլին։ 2023 թվականին Մայր Տաճարի վերաբացման ու Մյուռոնօրհնության արարողությունների և հարակից հոգևոր-մշակութային միջոցառումների կազմակերպման համար ստեղծվեց հանձնախումբ։

Կարևոր անդրադարձ կատարվեց ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր կացությանը, քննարկվեցին Հայաստանի և Արցախի անվտագնային խնդիրներին, տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը, Արցախի ինքնորոշման իրավունքի արդար պահանջատիրությանը, առկա իրավիճակում Եկեղեցու առաքելությանը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին առնչվող հարցեր։

Քննարկումների արդյունքում Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես եկավ հայտարարությամբ։

Արցախյան 44-օրյա պատերազմի և սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների և սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ընտանիքների, վիրավոր զինվորականների սոցիալական կարիքների համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից իրականացվող ծրագրերը ներկայացրեց Մայր Աթոռի Սոցիալական ծառայության գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը։

Տեր Հայրը ժողովականներին տեղեկացրեց, որ Մայր Աթոռի կողմից դրամական աջակցություն է ցուցաբերվել ռազմական գործողությունների ժամանակ զոհված 195 զինվորականների ընտանիքներին։ Առաջիկայում դրամական աջակցություն կցուցաբերվի նաև անհետ կորած, գերեվարված զինվորականների ընտանիքներին և վիրավորում ստացած զինվորականներին։ Հիշյալ ծրագրի համար առաջին փուլով հատկացվել է 600.000 ԱՄՆ դոլար գումար։ Ծրագրի շրջանակներում ըստ թեմակալ առաջնորդների ներկայացրած ցուցակների ապահովվել է սահմանամերձ բնակավայրերից տեղահանված ընտանիքների կեցությունը, տրամադրվել սննդի փաթեթներ։

Հայաստանի և Արցախի թեմերում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կրթադաստիարակչական առաքելության զորացմանն ուղղված ծրագրերի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տ. Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: Հայր Սուրբը ժողովականներին ներկայացրեց քարոզչական–կրթական գործունեության ռազմավարական հայեցակարգի նոր նախագիծը։

ԳՀԽ անդամները, արժևորելով հոգևոր կրթադաստիարակչական ծրագրերի խթանումը և ազգային-հոգևոր արժեքների պատշաճ ջամբումը մատաղ սերնդին, իրենց թելադրությունները կատարեցին նախագծի վերաբերյալ՝ հանձնարարելով մասնագիտական քննարկումների միջոցով լրամշակել և ամբողջացնել հայեցակարգը։

Գերագույն հոգևոր խորհուրդը նաև կարևորությամբ անդրադարձավ եկեղեցականների պատրաստության, հոգևոր կրթական հաստատությունների գործունեության առավել աշխուժացման խնդրին։ Այս առնչությամբ որոշում կայացվեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հաստատել առանձին հանձնախումբ՝ աշխատանքներ իրականացնելու երիտասարդների մեջ հոգևոր կոչման խթանման ու ժամանակի պահանջներին համահունչ հոգևոր կրթության ապահովման ուղղությամբ։

Գերագույն հոգևոր խորհրդում քննարկումներ ծավալվեցին նաև տաղավար տոների, սրբերի հիշատակության օրերի շրջանակներում հոգևոր, մշակութային միջոցառումների կազմակերպման անհրաժեշտության մասին՝ դրանց առավել ժողովրդականություն հաղորդելու և համազգային համախմբման առիթ դարձնելու նպատակով։ Այս ուղղությամբ ևս կայացվեցին համապատասխան որոշումներ։

Ժողովի ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնական, հովվական, թեմական և վարչական, կյանքին առնչվող հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել