Աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի կներդրվի․ նախագիծ

Վարչապետի աշխատակազմը Աշխատանքային օրենսգրում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել, որով նախատեսվում է աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրում։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ աշխատանքային պայմանագրերի հաշվառման էլեկտրոնային համակարգի (հարթակի) ներդրման արդյունքում տեսչական մարմինը հնարավորություն կունենա ապահովվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության և աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողությունը, կբարելավվի աշխատաշուկայի թափանցիկությունը, կնվազեցվի մարդկային գործոնի դերն ու կոռուպցիոն ռիսկը աշխատանքային իրավունքների վերահսկողության գործընթացում:

Ավելին, այս համակարգը կնպաստի գործատու-աշխատող փոխհարաբերությունների հաշվետվողականությանն ու աշխատողների իրավունքների պաշտպանության համակարգի բարելավմանը և արդիականացմանը, համակարգի (հարթակի) միջոցով արդեն թվային եղանակով աշխատողը կարող է հսկել իր աշխատանքային պայմանագրի վերաբերյալ ցանկացած փոփոխությունը, իսկ գործատուն իր մոտ իրականացվող պետական վերահսկողության ժամանակ չի կարողանա այն փոփոխել կամ հրաժարվել դրա կատարումից, արդյունքում աշխատողներն զերծ կմնան աշխատանքային շահագործումներից:

Նախագծով կատարվող լրացումների նպատակը կայանում է նրանում, որ Հայաստանի Հանրապետությունում հաստատված շուկայական հարաբերությունները, իրավակիրառ պրակտիկան, սոցիալ-տնտեսական իրավիճակը, միջազգային իրավական ակտերով սահմանված պահանջների և չափանիշների շրջանակի աստիճանական ընդլայնումը, ինչպես նաև աշխատողների և գործատուների միջև կայացած հարաբերությունների զարգացումը վեր են հանում Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային օրենսդրության մի շարք բացթողումներ և խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն՝ հաշվի առնելով իրավակիրառ պրակտիկայից բխող հրամայականները։ Հետևաբար սույն նախագծով կատարվող լրացման նպատակն է վերոնշյալ բնույթի բազմաթիվ խնդիրների բացահայտմանը թե՛ օրենսդրության, թե՛ իրավակիրառ պրակտիկայի մակարդակում՝ օրենսդրական դաշտը զարգացնելու, աշխատանքային իրավունքի իրացմանը նպաստելու և այդպիսով քաղաքացիների համապատասխան իրավունքի պաշտպանության մակարդակը բարձրացնելու։

Աշխատանքային էլեկտրոնային հարթակի առկայությունը  հնարավորություն կտա աշխատողներին և գործատուներին հստակ պատկերացում կազմելու, թե ինչ է ենթադրում աշխատանքային հարաբերությունների պաշտպանությունը, ինչպես նաև աշխատողն ինքնուրույն կկարողանա որակավորել իր աշխատանքը և զերծ մնալ շահագործումից։

 Այս նախագծի հիմնական առավելություններն են աշխատանքային պայմանագրերի գործընթացի պարզեցումը՝ թղթային փաստաթղթերի հավաքագրման անհրաժեշտության բացակայության պատճառով, սոցիալական ռիսկերից պաշտպանությունը՝ պայմանագրի առկայության, հիմնադրամներին կատարվող վճարների և հատկացումների արտացոլման, ինչպես նաև աշխատողի նկատմամբ գործատուի պարտավորությունների ամրապնդման շնորհիվ: Գործատուին պետք չէ կատարել կրկնակի գործողություններ բավական է մուտքագրել աշխատանքային պայմանագիրը և դա արդեն ավտոմատ կերպով մտնում է միասնական հաշվառման համակարգ:

էլեկտրոնային կառավարման հարթակը հնարավորություն կընձեռնի աշխատողներին ունենալու օրենսդրությամբ նախատեսված աշխատանքի ընդունման պահանջները բավարարող աշխատանքային պայմանագրեր, իսկ տեսչական մարմնին՝ առավել թափանցիկ, հաշվետու, վերահսկելի և իրավունքահեն պաշտպանություն իրականացնել։ Մասնավորապես, նախատեսվում է էլեկտրոնային համակարգում (հարթակում) տեղակայել աշխատանքային պայմանագրերի (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի) օրինակելի ձևեր՝ աշխատանքային օրենսդրության պահանջներին համապատասխան, ինչը աշխատողներին հնարավորություն կտա տեղեկանալու, թե իրենց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը (կամ իրենց աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերը) որ մասերով չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին, իսկ գործատուներին հնարավորություն կտա աշխատանքային պայմանագրերը կնքել (աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտերն ընդունել) օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել