Կարգավորող մարմինները կարգի են հրավիրում ոչ թե պորնոֆիլմի ռեժիսորին կամ դերասաններին, այլ պորնոֆիլմը ցուցադրող հեռուստատեսություններին․ Տիգրան Հակոբյան

ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է.

«Ստիպված եմ հրապարակավ արձագանքել (առաջին և, հուսով եմ, վերջին անգամ) «Հայելի ակումբի» ղեկավարի կողմից իմ հասցեին հաճախակի  հնչող վիրավորանքներին ու մեղադրանքներին (կարծում եմ՝ բոլորը ծանոթ են տ-ն Ա.Թովմասյանի խոսքի յուրահատուկ ոճին ու  բառամթերքին):

Պնդում եմ իմ այն կարծիքը, որ «Հայելի ակումբն» արդեն տևական ժամանակ է, ինչ վերածվել է ատելություն, թշնամանք, ապատեղեկատվություն, կեղծիք, սադրանք, բռնության կոչեր, խուճապ, ադրբեջանական պրոպագանդիստական նարատիվներ   տարածող  «տեղեկատվական» հարթակի: Նման   բովանդակության սփռումը  ստեղծում է թունավոր միջավայր, հոգեբանական  վատ ազդեցություն է թողնում հանրության վրա, տանում է մարդկանց սոցիալական, քաղաքական, մշակութային դեգրադացիայի: Դա այդպես է, անկախ նրանից թե տ-ն  Անժելան այդ ամենը գիտակցում է, թե՝ ոչ:

Անշուշտ, «Հայելի ակումբի» ղեկավարը ազատ է վարել իր ճաշակին համապատասխանող խմբագրական քաղաքականություն: Բայց յուրաքանչյուր, նույնիսկ ամենաժողովրդավար պետության ոչ միայն իրավունքն է, այլ նաև պարտավորությունն այդպիսի բովանդակությունը սահմանափակել կամ արգելափակել առնվազն լիցենզավորում պահանջող և վերահսկողության ներքո գտնվող, (մուլտիպլեքսներ, կաբելային ցանցեր) հանրային լայն սփռում ունեցող տեղեկատվական համակարգերում: Պետությունները դիմում են այդ քայլերին երկրի անվտանգությունը պաշտպանելու, մարդկանց հոգևոր առողջությունը չվնասելու, հասարակությունում ընդունված արժեքային համակարգի և բարոյական նորմերի փլուզումը կանխելու, տեղեկատվական հոսքերում ապատեղեկատվությունը, սադրանքն ու ատելությունը  նվազեցնելու համար:

Ուստի, ոչ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը, ոչ անձամբ ՀՌՀ նախագահը  «Հայելի ակումբի» և նրա ղեկավարի «հետևից չեն ընկել», այդ «ակումբի տակ չեն մնացել» («ամենափափուկ»  մեջբերումները տ-ն Անժելայի մի քանի օր առաջ հնչեցրած ելույթից):

Իրավական տեսակետից Հանձնաժողովին  չի հետաքրքրում տ-ն Անժելայի գործունեությունը համացանցում: Մենք մեր լիազորությունների շրջանակում վերահսկում ենք, որպեսզի հեռուստառադիոընկերությունները գործեն օրենսդրության և ինքնակարգավորման նորմերին համապատասխան:

Եվ հենց հեռարձակողներն են պատասխանատվություն կրում իրենց եթերի համար: Շատ պարզունակ համեմատություն անցկացնեմ. կարգավորող մարմինները կարգի են հրավիրում ոչ թե պորնոֆիլմի ռեժիսորին կամ դերասաններին, այլ պորնոֆիլմը ցուցադրող հեռուստատեսություններին:

Ուստի, տ-ն Անժելան  կարող է հանգիստ շարունակել իր գործունեությունը, պարզապես, հեռարձակողների տիրույթից դուրս: Քանի հանրությունը հանդուրժում է նման բովանդակությունը, քանի օրենսդրությունը խոցելի է տեղեկատվական անվտանգության տեսակետից, քանի «Հայելի ակումբի» հյուրերի հոսքը չի դադարում, քանի ուժեր և անհատներ կան, որոնք պատրաստ են ֆինանսավորել չարությունն ու սադրանքը. տ-ն Անժելայի «բիզնեսը» պաշտպանված է:

Հ.Գ. Տեղադրում եմ  «Հայելի ակումբի» հաղորդումների  սքրինշոթերը (վերցված է տ-ն Անժելայի ֆեյսբուքյան էջից), որոնք մեկնաբանության կարիք չունեն: Հայաստանի քաղաքացիներին ուրիշ ոչ բովանդակություն «ակումբը» չի առաջարկում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել