Փաստաբանների պալատը դիմել է գլխավոր դատախազին՝ պարտավորեցնելու վերադարձնել Էրիկ Ալեքսանյանի հեռախոսը

ՀՀ փաստաբանների պալատը Էրիկ Ալեքսանյանի հեռախոսը առգրավվելու փաստով դիմել է գլխավոր դատախազին։

«Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման շրջանակներում անձնական խուզարկությամբ նախաքննական մարմինն առգրավել է նրա հեռախոսը:

Այդ մասին հրապարակային տեղեկություններ էին տարածել փաստաբան Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները՝ նշելով, որ հեռախոսը՝ որպես էլեկտրոնային կրիչ, պարունակում է փաստաբանի վստահորդներին առնչվող փաստաբանական գաղտնիք: Դրան զուգահեռ, Էրիկ Ալեքսանյանի պաշտպանները հավաստի տվյալներ են ներկայացրել Փաստաբանների պալատ առ այն, որ վարույթն իրականացնող մարմինը պատրաստվում է «փաստաբանական գաղտնիքի երաշխիքների պահպանմամբ» հեռախոսի հետ կապված կատարել վարութային և ապացուցողական այլ գործողություններ, այդ թվում՝ բջջային հեռախոսի թվային խուզարկություն, դրա արդյունքների զննում և այլն:

Այս կապակցությամբ Փաստաբանների պալատը կրկին ընդգծում է, որ փաստաբանական գաղտնիքի նկատմամբ ցանկացած ոտնձգություն (փորձ) բացարձակապես անընդունելի է. Փաստաբանների պալատը խստագույնս դատապարտում է այդպիսի գործելակերպը: Նման երևույթներն անթույլատրելի են ժողովրդավարական հասարակության մեջ:

Փաստաբանների պալատը հիշեցնում է, որ գործող օրենսդրությունն արգելում է առգրավել (վերցնել) փաստաբանի մոտ կամ փաստաբանական գրասենյակում գտնվող իրավաբանական օգնությանը վերաբերող փաստաթղթերը և կրիչները: Դրանք անձեռնմխելի են, չեն կարող օգտագործվել քրեական վարույթի շրջանակներում և գտնվում են օրենքի խիստ պաշտպանության ներքո:

Փաստաբանական գաղտնիքի մեջ ներառվում է նաև փաստաբանի և նրա վստահորդի ցանկացած հաղորդակցություն, տեղեկատվության փոխանակում: Գործնականում դա կատարվում է նաև հեռահաղորդակցության միջոցներով, ինչպիսին է հեռախոսը, և ողջամտորեն փաստաբանի հեռախոսը պարունակում է այդպիսի տվյալներ: Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հեռախոսը բացառություն չի կազմում:

Քրեական վարույթն իրականացնող մարմինն օբյեկտիվորեն հնարավորություն չունի փաստաբանական գաղտնիքի երաշխիքների պահպանմամբ իրականացնելու փաստաբանի հեռախոսի պարունակությունը բացահայտող դատավարական գործողություն, ուստի այդպիսի ցանկացած գործողություն հղի է փաստաբանական գաղտնիքի պաշտպանության իրավական երաշխիքների խախտման վտանգով:

Նշվածը հիմք ընդունելով՝ ՀՀ փաստաբանների պալատի նախագահն այսօր դիմել է ՀՀ գլխավոր դատախազին՝ մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության գործառույթի շրջանակներում կանխելու նախաքննական մարմնի կողմից Էրիկ Ալեքսանյանի հեռախոսի պարունակությունը հասանելի դարձնող դատավարական ցանկացած գործողություն և պարտավորեցնելու վերադարձնել հեռախոսը:

Միաժամանակ, ՀՀ գլխավոր դատախազից հայցվել է միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերը բացառելու և այդ առումով հավելյալ երաշխիքներ ապահովելու ուղղությամբ»,- նշված է ՀՀ փաստաբանների պալատի տարածած հայտարարությունում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել