Գևորգ Մելիքյանը (Օշականցի Գևորիկ) ազատ է արձակվել. պաշտպան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, բավարարել է Գևորգ Մելիքյանի (Օշականցի Գևորիկ) նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց փաստաբան Մնացական Մարուքյանը:

«Միջնորդել էինք խափանման միջոցը փոխել՝ երկարատև կալանքի տակ գտնվելու հիմքով, որովհետև նա արդեն 2 տարի 3 ամիս է ինչ կալանավորված է: Դրան գումարած նա վատառողջ էր: Դրա համար խափանման միջոցը փոխվեց գրավով՝ 60 միլիոն դրամ»,-նշեց նա:

Պաշտպանի խոսքով՝ գրավը վճարվել է, Գևորգ Մելիքյանը ազատ է արձակվել:

«Ավելի վաղ՝ միջնորդություն էինք ներկայացրել, որպեսզի նրա առողջական վիճակի վերաբերյալ փորձաքննություն նշանակվի, դա ևս կարող էր հիմք հանդիսանալ, որ նա ազատ արձակվեց»,-ասաց Մնացական Մարուքյանը:

Հիշեցնենք, որ Գևորգ Մելիքյանը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքով 223.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցություն ղեկավարելը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել