Ինչ եղանակ կլինի ամբողջ նոյեմբեր ամսին

Նոյեմբերին հյուսիսային կիսագնդում շարունակվում է փոքրանալ արեգակի բարձրությունը հորիզոնից և հետևաբար  փոքրանում է ցերեկվա  տևողությունը: Արևափայլի տևողությունը ամսվա ընթացքում կազմում է 120-160 ժամ: Պարզ օրերի թիվը զգալիորեն պակասում է և հանրապետությունում միջինը տատանվում 5-6 օրվա սահմաններում:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հարավային լայնություններից տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքերի թիվը հոկտեմբերի համեմատ շարունակվում է կրճատվել, փոխարենը ավելանում է հյուսիսային լայնություններից եկող ցուրտ օդային հոսանքների ներխուժումները։ Լինում են տարիներ, երբ արկտիկական ցուրտ օդային հոսանքները նոյեմբերին մեր երկիր են ներթափանցում կամ արևմտյան Սիբիրից, կամ Սկանդինավիայի շրջաններից առաջացնելով սաստիկ ցրտեր։

Նոյեմբերին հանրապետության տարածքում ամսական միջին  ջերմաստիճանը +1.5°C է: Համեմատաբար տաք է նոյեմբերի առաջին տասնօրյակը, առաջին  տասնօրյակի միջին ջերմաստիճանը հանրապետությունում +4°C է, երրորդ տասնօրյակի միջին ջերմաստիճանը   արդեն բացասական է` -0.5°C, երկրորդ տասնօրյակի վերջին լեռնային առանձին շրջաններում տեղի է ունենում ջերմաստիճանի անցում 0°C-ից ցածր, որը բնորոշում է ձմռան սկիզբը:  Ամենաբարձր ամսական միջին  ջերմաստիճանը գրանցվում է Մեղրիում` +9.5°C, այն բարձր է նաև հյուսիս-արևելքում,  Բագրատաշենում  +6.9°C, Իջևանում +7.1°C, Արարատյան դաշտում և Երևանում  +5.5.+6.5°C: Արևադարձային տաք օդային հոսանքների ներխուժման դեպքում առավելագույն ջերմաստիճանը Արարատյան դաշտում և Սյունիքի հովտային գոտում կարող է հասնել մինչև +27…+30°C: Արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներխուժման դեպքում բացարձակ նվազագույն ջերմաստիճանը լեռնային գոտիներում  կարող է հասնել -2…-27°C։  Երևանում նոյեմբերին բացարձակ նվազագույն ջերմաստիճանը գրանցվել է 1948թ.-ի նոյեմբերի 17-ին՝ -15°C:

Եղանակի կանխատեսում 2022թ. նոյեմբեր ամսվա համար

Նոյեմբեր ամսին առավել տաք եղանակ է դիտվել 1966, 1970, 1998թթ., իսկ 1948, 1973, 1978, 1996, 2001թթ. հանրապետությունում գրանցվել են ցածր ջերմաստիճաններ, նույնիսկ հովտային շրջաններում գրանցվել է -6…-12°C ցուրտ:

Տեղումների քանակը հոկտեմբերի համեմատ պակաս է և կազմում է 41մմ: Ավելի շատ տեղումներ դիտվում են լեռնային շրջաններում` 60մմ, իսկ ամենից քիչ Արարատյան դաշտում` 20-30մմ: Տեղումնառատ են եղել 1973, 1986, 1994, 2016 թվականները, երբ տեղումների քանակը գերազանցել է նորման 2-3 անգամ: Սակայն եղել են չորային տարիներ 1996, 2010թթ., երբ նոյեմբերին ընդհանրապես տեղումներ չեն դիտվել:

Ամսվա կեսերին հանրապետության բարձր լեռնային շրջաններում առաջանում է կայուն ձյան ծածկ, ձյան շերտի բարձրությունը հասնում է 5-10սմ: Առանձին տարիների այն կարող է առաջանալ ամսվա սկզբին:

Նոյեմբերին հանրապետության ամբողջ տարածքում առաջանում է բարձր ճնշման դաշտ և հաստատվում է քամու ձմեռային ռեժիմ` գերակշռում է անդորրը, միայն բարձր լեռնային շրջաններում և լեռնանցքներում քամու արագությունը մեծանում է, միջինը հասնելով մինչև 5-7մ/վրկ, իսկ առավելագույնը` 20-30 մ/վրկ:

Նոյեմբերին կտրուկ մեծանում է մառախլապատ օրերի թիվը։ Արարատյան դաշտում նոյեմբերի երրորդ տասնօրյակից սկսում են զարգանալ ջերմաստիճանային ինվերսիաները, որոնք առանձին տարիներին ուղեկցվում են մառախուղի ձևավորմամբ։ Հաճախակի մառախուղ նկատվում է նաև Տավուշի և Սյունիքի մարզերում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել