Փոփոխություն դպրոցի տնօրենի հավաստագրման ընթացակարգերում՝ հարցազրույցի փուլն ու պարտադիր վերապատրաստման պահանջը հանվում են. նախագիծ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու քննության կազմակերպման, անցկացման, ինչպես նաև հանձնաժողովի ձևավորման կարգերում փոփոխություն կատարելու մասին նախագծերը: 

Առաջարկվում է նոր խմբագրությամբ շարադրել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2010 թ. մայիսի 18-ի N 395-Ն և 396-Ն հրամանները և հավելվածները:

Իրավական ակտի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է 2022 թ. փետրվարին «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխություններով և լրացումներով: Նշված օրենսդրական փոփոխությամբ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու հավակնություն ունեցող անձանց քննության անցկացման, տնօրենի ղեկավարման իրավունքի՝ հավաստագրի դադարեցման գործընթացների վերաբերյալ մի շարք բարեփոխումներ են ամրագրվել:

Ներկայում գործող կարգով պետական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար կարող է դիմել միայն վերապատրաստում անցած  անձը, որն ունի բարձրագույն կրթություն և վերջին 10 տարվա ընթացքում մանկավարժական, գիտամանկավարժական աշխատանքի և կրթության կառավարման ոլորտի առնվազն յոթ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

Հանրային քննարկման դրված նախագծերի համաձայն՝ հավաստագրի ձեռքբերման համար վերապատրաստման պարտադիր պահանջը հանվել է: Նախատեսվում է փոփոխություն իրականացնել նաև քննության անցկացման գործընթացում՝ սահմանելով միայն թեստավորման փուլ. հարցազրույցի փուլը հանվել է: Արդյունքում՝ պարզեցվել են հանձնաժողովի ձևավորման պահանջները՝ խուսափելով ավելորդ ծանրաբեռնվածությունից և ռեսուրսների ոչ արդյունավետ բաշխումից: 

Այս բարեփոխումների արդյունքում տնօրենի թեկնածուի համար հավաստագրման գործընթացն անհրաժեշտ է դառնում միայն առաջին անգամ դիմող հավակնորդների համար: Նախատեսվող մեկ այլ փոփոխությամբ՝ գործող տնօրենները զարգացման ծրագրի կատարողականի արդյունքով կարող են համարվել ատեստավորված, որը հիմք կհանդիսանա, որ տնօրենի հետ կնքված աշխատանքային պայմանագիրը երկարաձգվի ևս 5 տարով:

Ընդունվելու դեպքում նոր կարգերն ուժի մեջ են մտնելու 2023 թվականի հունվարից:

Շահագրգիռ կառույցներն ու անձինք նախագծերի վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկները կարող են ներկայացնել մինչև նոյեմբերի 6-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել