Մասիս խոշորացված համայնքի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Հարգելի՛ բնակիչներ,
Ես՝ որպես Մասիս խոշորացված համայնքի ղեկավար, քաջատեղյակ եմ բնակավայրերում առկա խնդիրներին, որոնք մշտապես գտնվում են իմ ուշադրության կենտրոնում, և փորձում ենք գտնել լուծման ուղիներ:
Իմ ղեկավարման ժամանակահատվածում չի եղել մեկ դեպք, որ ես բնակիչներին ասեմ՝ դա իմ կամ համայնքապետարանի գործը չէ: Բազմաթիվ են դեպքերը, երբ խնդրի կարգավորումը եղել է այլ տիրույթում, բայց կարողացել ենք համագործակցության արդյունքում լուծում տալ այս կամ այն հարցին:
Տեղյակ եմ նաև Մասիս քաղաքի 39, 40 հանրակացարանային մասնաշենքերի հարակից տարածքում վնասված ջրագծի մասին: «Վեոլիա Ջուր» ընկերության հետ արդեն իսկ ձեռք է բերվել պայմանավորվածություն, և շուտով խնդիրը կկարգավորվի:
Հարգելի՛ բնակիչներ,
Ես հավատարիմ եմ իմ որդեգրած սկզբունքներին, որոնցով առաջնորդվում եմ: Ես չեմ սիրում պարբերաբար բարձրաձայնել համայնքապետարանի կողմից արված այս կամ այն աշխատանքի, ծրագրի մասին, քանզի դրանք ակնհայտ են և միտված են մեր համայնքի զարգացմանն ու հզորացմանը»: