Հայաստանի վարչապետի այցը Իրան շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար. Էբրահիմ Ռայիսի

Իրանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին ամիսներին աճել է 43 տոկոսով, մեր նպատակն է այն հասցնել 3 միլիարդ դոլարի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Mehrnews»-ը, այս մասին ասել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Իրանի նախագահն ասել է, որ անշուշտ, Հայաստանի վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն շրջադարձային կլինի երկու երկրների զարգացման համար:

Էբրահիմ Ռայիսին հայտարարել է, որ բարիդրացիության քաղաքականությունը Իրանի կառավարության կողմից ընդգծված ռազմավարություններից մեկն է՝ ընդգծելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգում երկկողմ հանդիպումներն են՝ Իրանի և Հայաստանի միջև տնտեսական, առևտրային հարաբերությունների և անվտանգության ոլորտում հարաբերությունների զարգացման համար:

«Մեր նպատակն է ապրանքաշրջանառությունը հասցնել երեք միլիարդ դոլարի, ինչին կարելի է հասնել երկու երկրների կամքի առկայության դեպքում», – հավելել է նա:

Ռայիսին ընդգծել է, որ երկու երկրների միջեւ լավ հարաբերությունները, անշուշտ, կհանգեցնեն տարածաշրջանում եւ ամբողջ աշխարհում հարաբերությունների բարելավմանը:

Նա հայտարարել է, որ Իրանը Կովկասյան տարածաշրջանի պատմության, քաղաքակրթության և մշակույթի մի մասն է, ուստի Կովկասյան տարածաշրջանում անվտանգությունը և խաղաղությունը և իրադարձությունների զարգացումները շատ կարևոր են Իրանի համար:

Իրանի նախագահը շեշտել է, որ տարածաշրջանային խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանային սուբյեկտների կողմից:

«Տարածաշրջանում օտարերկրացիների ցանկացած միջամտություն կստեղծի խնդիրներ՝ հարցերը լուծելու փոխարեն»,- նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել