Բադասյանը՝ ՀՀ սահմանով դեպի Նախիջևան ադրբեջանցիների երթևեկությունը ապահովելու մասին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականին, ըստ որի՝ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն պետք է ապահովեն ադրբեջանցիների երթևեկությունը ՀՀ սահմանով դեպի Նախիջևան։

«Կառավարության որոշումները դրվել են e-draft-ում հանրային քննարկման, դրանից հետո ուղարկվել են վարչապետի աշխատակազմ հետագա շրջանառության համար, ուղարկվել են շահագրգիռ գերատեսչություններ՝ կարծիքի, բնականաբար, նշված բոլոր հատվածներում որոշակի աշխատանքներ են պլանավորված», – Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահը:

Նա ասաց, որ սահմանային անցակետերն ու հսկողության ռեժիմներն արդեն սահմանված են:

Հարցին՝ այս որոշումն ի՞նչ վտանգ կարող է բերել՝ Բադասյանն արձագանքեց. «Ոչ մի, ի՞նչ վտանգի մասին է խոսքը, մենք հայտարարել ենք, որ ապաշրջափակման օրակարգը կառավարության համար ընդունելի օրակարգ է ու դրանից բխող քայլեր ենք ձեռնարկել: Հայաստանը կողմ է ապաշրջափակման օրակագին»:

Նա ասաց, թե գործընթացը, կարելի է ասել, ավարտված է:

«Միգուցե, թերություններ կլինեն, բայց մենք պատրաստ ենք, եթե մյուս կողմը (նկատի ունի Ադրբեջանին-հեղ.) պատրաստ կլինի օգտվել նման կետերի կողմից մատուցվող ծառայություններից, ապա մենք պատրաստ ենք», – ընդգծեց ՊԵԿ նախագահը` նշելով, որ Ադրբեջանը դեռ չի տվել իր համաձայնությունը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 4-ի կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ Հայաստանն ամեն օր պատրաստ է Ադրբեջանի արևմտյան շրջանների ու Նախիջևանի միջև կապ ապահովել, բայց Ադրբեջանն է, որ չի օգտվում մեր ընձեռած հնարավորությունից։

«ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես կարգն է, եկեք, հատեք ՀՀ սահմանը, գնացեք Նախիջևան՝ հենց այսօր։ Նախորդ տարվանից մենք ունենք սահմանապահ ու մաքսային կետ, մենք Ադրբեջանին ասել ենք՝ ցանկացած պահի այդ կետերը կարող են հատել ու կապ հաստատել Նախիջևանի հետ», – ասել էր վարչապետը։

Օգոստոսի18-ին, արդեն, ԱԱԾ-ն շրջանառության մեջ դրեց նախագիծ, որով առաջարկվում է անցակետեր ստեղծել հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում:

Ակնկալվող արդյունքը Հայաստանում պետական սահմանի նոր անցման կետերի ստեղծումն է՝ պետական սահմանով անձանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների անցումը կազմակերպելու և իրականացնելու նպատակով:

Նոր անցակետերը նախատեսվում են ստեղծել Գեղարքունիքի (Սոթք համայնքից դեպի ՀՀ պետական սահման M11 մայրուղի՝ ավտոմոբիլային), Արարատի (Երասխ համայնք՝ ավտոմոբիլային), Սյունիքի (Քարահունջ համայնքից մոտ 7,5 կմ հարավ, հարավ-արևելք Մ2 մայրուղի` ավտոմոբիլային) մարզերում հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ:

Ադրբեջանական կողմը արձագանքել է հայկական կողմի այս առաջարկին:

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել էր, թե Ադրբեջանի հետ սահմանին երեք անցակետեր ստեղծելու մասին Հայաստանի կառավարության որոշումը դիտարկում են որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով ստանձնած պարտավորությունների կատարման իմիտացիա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 17-ին հիշեցրել էր, որ Արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովելու նպատակով հայ-ադրբեջանական սահմանին 3 անցակետ բացելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը մի քանի ամիս պաշտոնապես շրջանառվում է։

«Հայաստանի կառավարությունը սպասում է Ադրբեջանի դրական արձագանքին», – «Թվիթեր»-ում գրել էր Փաշինյանը։

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել էր Փաշինյանին՝ հայտարարելով, թե անիրատեսական են համարում սահմանին անցակետեր բացելու Հայաստանի առաջարկած տարբերակները։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել