Ես հայտարում եմ, որ Սոչիում պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել՝ ՌԴ առաջարկների հիման վրա․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովում ունեցած ելույթում անդրադարձել է Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռությամբ կայանալիք եռակողմ հանդիպմանը։

«Ես պատրաստ եմ պաշտոանպես ընդունել, եթե անհրաժեշտ է՝ եռակողմ ֆորմատով ստորագրել 15 կետերի հիման վրա համաձայնության հասնելու փաստաթուղթը, այսինքն այդ փաստաթուղթն ընդունել հիմք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման։ Երեկ սա ասել եմ նաև ՀԱՊԿ դռնփակ նիստում՝ ՌԴ նախագահի ներկայությամբ, նաև Թվիթերում եմ գրել։ Ես հաստատում եմ և Թվիթերի իմ գրառման մեջ կար մի այսպիսի առանձնահատկություն՝ հույս ունեմ, որ ՌԴ-ն իր առաջարկությունները կպաշտպանի։ Սա շատ կարևոր նրբություն է, որովհետև նաև կարևոր նրբություն է, որ այդ բանաձևը անվտանգություն բերելու է ԼՂ-ին և ՀՀ-ին, թե չի բերելու, խաղաղություն բերելու է, թե չէ։ Այո, այնտեղ կա նաև ռուս խաղաղապահների մասին․ մենք ուզու՞մ ենք, որ ռուս խաղաղապահները շարունակեն իրենց գործունեություն Լեռնային Ղարաբաղում։ Իհարկե ուզում ենք։ Երեկ ԼՂ նախագահը հայտարարությամբ է հանդես եկել, ես պաշտոնապես ասում եմ՝ ես պատրաստ եմ Սոչիում ստորագրել փաստաթուղթը և ընդունել, որ ռուս խաղաղապահների ներկայությունը ԼՂ-ում անվերապահորեն, առանց պայմանների երկարացվի 10, 15, 20 տարով։ Ես առաջարկում եմ, որ ՌԴ նախագահն այդ առաջարկով հանդես գա, եթե պետք է՝ ես հանդես կգամ այդ առաջարկով, բայց ՌԴ-ն պետք է պաշտպանի այդ առաջարկը, որովհետև ես չեմ կարող որոշել, որ ՌԴ խաղաղապահները այնտեղ պիտի մնան ինչ-որ ժամկետով։ Դա եռակողմ թուղթ է և եթե մենք ու Ռուսաստանը համաձայնենք՝ կլինենք մեծամասնություն»։

Փաշինյանը նաև նշեց, որ պետք է անդրադառանել, թե ինչ են անում ռուս խաղաղապահները ԼՂ–ում, քանի որ չեն մոռացվել Փառուխի դեպքերը։ «Չենք մոռացել ոչ միայն այն պատճառով, որ դա կարևոր հարց է, որ բարձր մակարդակով եղել է պայմանավորվածություն, որ այդ խնդիրը պետք է լուծվի, այսինքն ադրբեջանցիները պետք է դուրս գան ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտուց, իսկ այդ պայմանավորվածությունը, խոստումն ու հանձնառությունը մինչ այժմ չի կատարվել, բայց կարևոր է նաև այն պատճառով, որ ինչպես մեր քննադատները, մեզ խոցելու համար ասում են՝ Ղարաբաղը Փառուխ առ Փառուխ ուզում եք տա՞լ․ քննադատության թիրախ լինելով՝ ճշմարտություն կա մեջը։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը պետք է հնչի»:

Նա հարց հնչեցրեց՝ Ռուսաստանի Դաշնությունն իր առաջարկները հետևողական և պինդ պաշտպանու՞մ է, թե չէ։

«Ես հայտարում եմ, որ Սոչիում պատրաստ եմ այդ թուղթը ստորագրել՝ ՌԴ առաջարկների հիման վրա, խաղաղապահների երկարացման թուղթը ստորագրել, 10, 15, 20 տարի․ ես պատրաստ եմ դա ստորագրել։ ՌԴ-ն որպես միջնորդ թող այդ նախագիծը ներկայացնի՝ հղում անելով նաև ՌԴ փաստաթղթի վրա, որևէ մեկը կասկած չունենա, ես սա հրապարակին եմ ասում, որ շահարկումների տեղ չլինի»,-ասաց նա։

Խոսելով Հայաստանի ինքնիշխանության մասին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է արձանագրել․

«Ինչպես մեր կուսակցության հիմնադիր փաստաթղթերում, այսօր էլ ՀՀ ինքնիշխանությունը, անկախությունը, սուվերենությունը մեզ համար բարձրագույն նպատակն է և մենք այսօր բարձր և հստակ պիտի հայտարարենք ու արձանագրենք, որ որևէ պարագայում մեր պետականությունը, մեր ինքնիշխանությունը, մեր սուվերենությունն ու անկախությունը որևէ մեկին չենք զիջի և մենք կուսակցություն ենք, որը պիտի տեր կանգնի, անկախությանը, ինքնիշխանությանը, պետականությանը»։

Նա նշեց, որ Հայաստանի պետականությունը նոր տեսության կարիք ունի, քանի որ 30 տարվա բզկտված, դարակում դրված տեսությունը, այն պայմաններում, երբ պետությունը հիմնադրած կամ պետությունն իշխող ուժերն են այդ տեսության դեմ պայքարել, այդ տեսությունն այլևս չի կարող գոյություն ունենալ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել