Պաշտոնյաները նվերներ ընդունելու սահմանափակումները խախտելու դեպքում պատասխանատվության կենթարկվեն

Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք եւ հանրային ծառայողները նվերներ ընդունելու սահմանափակումները խախտելու դեպքում կենթարկվեն վարչական պատասխանատվության: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովում «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ներկայացրեց Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։

Նախարարի տեղակալը նշեց, որ նախագծի ընդունումը միտված է Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարմանը և նաև պրակտիկայում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում արձանագրված մի քանի խնդիրների լուծմանը։

Ըստ նախագծի՝ առաջարկվում է Հայաստանի վերաբերյալ զեկույցում ԳՐԵԿՈ-ի ներկայացրած հանձնարարականների հիման վրա հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների կողմից նվերներ ստանալու սահմանափակումներ նախատեսող կարգավորումները համախմբել մեկ իրավական ակտում: Առաջարկվում է նվերներ ընդունելու սահմանափակումների խախտման դեպքում կարգապահական պատասխանատվության փոխարեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների համար սահմանել վարչական պատասխանատվություն:

Նաեւ կհստակեցվեն հանրային պաշտոն զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների անհամատեղելիության պահանջները, կկատարելագործվեն շահերի բախման իրավիճակի լուծմանն ուղղված գործիքները, կընդլայնվի փոխկապակցված անձանց, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնող անձանց շրջանակը: Նախարարի տեղակալը ներկայացրեց օրենքով «նվեր» հասկացությունը։

«Սույն օրենքի իմաստով` «նվեր» հասկացությունը ենթադրում է ցանկացած գույքային առավելություն, որը ողջամտորեն չէր տրամադրվի պաշտոն չզբաղեցնող անձի կամ նրա հետ փոխկապակցված անձի, այդ թվում՝ ներված պահանջը, անհատույց կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով պահանջի զիջումը, անհատույց հանձնված կամ ակնհայտ անհամարժեք ցածր գնով վաճառված գույքը, անհատույց կամ անհամարժեք ցածր գնով մատուցված ծառայությունը կամ կատարված աշխատանքը, ինչպես նաեւ արտոնյալ փոխառությունը, դրամական միջոցները (կանխիկ, անկանխիկ կամ որեւէ այլ ձեւով արտահայտված), կրիպտոարժույթը, ուրիշի գույքի անհատույց օգտագործումը կամ այլ գործողություններ, որոնց հետեւանքով անձն ստանում է օգուտ կամ առավելություն»,- ասաց Սարգսյանը։

Փոխնախարարի խոսքով՝ սա չի վերաբերվում բոլոր նվերներին, այլ բացառապես վերաբերվում է այն նվերներին, որոնք գործունեությամբ պայմանավորված է ստացվում։

Ինչ վերաբերվում է «փոխկապակցված անձ» հասկացությանը՝ նախարարի տեղակալը նշեց, որ սույն օրենքի իմաստով փոխկապակցված անձինք են` պաշտոն զբաղեցնող անձի ամուսինը, պաշտոն զբաղեցնող անձի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները, պաշտոն զբաղեցնող անձի հետ ազգակցական եւ ոչ ազգակցական սերտ անձնական հարաբերություններ ունեցող անձինք, այդ թվում` համատեղ բնակվող անձինք, փաստացի խնամքի տակ գտնվող անձինք, կնքահայրը, կնքամայրը, հոգեզավակը, ընդհանուր տնտեսական շահ ունեցող անձինք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել