Արտոնագիր ստանալու իրավունքը պատկանում է գյուտարարին (հեղինակին) կամ նրա ժառանգներին և փոխանցելի է օրենքով սահմանված կարգով։
Գյուտի արտոնագիրը գործում է հայտը ներկայացնելու օրվանից մինչև քսան տարին լրանալը։
Պատերազմի, տարերային աղետների կամ նմանատիպ այլ անկանխատեսելի իրադարձության դեպքում արտոնագրի գործողության ժամկետը լրանալուց անմիջապես հետո այն կարող է երկարաձգվել մեկ անգամ, բայց ոչ ավելի, քան հինգ տարով։
Արտոնագրված գյուտի օբյեկտ համարվող դեղագործական պատրաստուկներին, նյութերին կամ բաղադրանյութերին, որոնք ունեն մարդու կամ կենդանիների վրա կանխարգելիչ կամ բուժական ներգործության հատկություններ, բույսերի պաշտպանության քիմիական կամ կենսաբանական նյութերին, դրանց ստացման եղանակներին, ինչպես նաև այդ պատրաստուկների, նյութերի կամ բաղադրանյութերի արտադրության համար անհրաժեշտ նյութերին և դրանց ստացման եղանակներին կարող է տրամադրվել լրացուցիչ իրավական պահպանություն՝ գյուտի հայտի ներկայացման թվականի և այդ օբյեկտը Հայաստանի Հանրապետության շուկայում շրջանառության մեջ մտցնելու համար համապատասխան իրավասու մարմնի թույլտվության թվականների միջև ընկած ժամկետով, բայց հինգ տարուց ոչ ավելի։
Լրացուցիչ իրավական պահպանություն խնդրարկելու մասին դիմումը, որին կցվում է իրավասու մարմնի տված թույլտվությունը, պետական լիազոր մարմին է ներկայացվում այդ թույլտվության տրման օրվանից վեցամսյա ժամկետում կամ մինչև արտոնագիր տալու օրվանից 6 ամիսը լրանալը, եթե նշված թույլտվությունը տրվել է ավելի շուտ, քան արտոնագիրը։