Գեղարքունիքի ՇՊԱԿ դիմած քաղաքացին հանդիպել էր հիմնախնդրի, որը ի հայտ էր եկել ճանապարհային երթևեկության ընթացքում: Նրա մեկնաբանմամբ` ինքը խաչմերուկն անցել էր կանաչ լույսի տակով և այն ազատել դեղինով: Սակայն պետավտոտեսուչը կանգնեցրել էր վարորդին` հայտնելով, որ վերջինս անցել է կարմիր լույսի տակով, և այդ հիմնավորմամբ` նա տուգանման ակտ է գրելու: Քաղաքացին, համոզված լինելով, որ ինքը խախտում չէր կատարել, վստահորեն պաշտպանում էր իր իրավունքները: Սակայն տուգանման ակտը այնուամենայնիվ կազմվեց: Իսկ տուգանքի չափը կազմում էր վարորդի մեկ շաբաթվա վաստակը:
Քաղաքացին, ելնելով նաև իր սկզբունքայնությունից, որոշեց պաշտպանել իր շահերը և դիմեց ՇՊԱԿ: Գեղարքունիքի ՇՊԱԿ-ը ստանձնեց գործը, նախևառաջ տեղեկություն պահանջվեց տեղի Ոստիկանության բաժանմունքից` գործի ընթացքի վերաբերյալ, այնուհետև դիմում ուղարկվեց ՀՀ Ճանապարհային ոստիկանության ղեկավարին` ներկայացնելով գործի մանրամասները:
Քաղաքացու և ՇՊԱԿ-ի համատեղ ջանքերով գործն ունեցավ հաջող հանգուցալուծում. կազմված ակտը չեղյալ համարվեց: Սա ոչ միայն գումար և ժամանակ վատնելու խնդիր էր, այլ նաև` կամայականության չենթարկվելու և արժանապատվության: