Սովորելու նպատակով տարկետում ստացած տղաների զորակոչի տարիքը 27-ի փոխարեն կլինի 28․ ԿԳՄՍ նախարար

Ազգային ժողովի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ակադեմիական հիմքով տարկետում տալու օրենսդրական փոփոխության օրենսդրական առաջարկը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը` նշելով, որ օրենսդրական փոփոխության առաջարկն անցել է հանրային քննարկումների տևական փուլ, դրական եզրակացություն է ստացել ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում:

Առաջարկվող փոփոխությամբ ՀՀ կառավարությանը կտրվի լիազորություն` սահմանելու բուհերի և մասնագիտությունների ցանկ, ըստ որի` սովորողները կստանան ակադեմիական տարկետում` բարձրագույն կրթության բոլոր երեք աստիճաններում` բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:

«Սա առաջին հերթին վերաբերում է բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ ու գերակա ոլորտներին: Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի ու բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը սահմանելու է ՀՀ կառավարությունը` հաշվի առնելով պետության գերակայությունները»,- նշել է Վահրամ Դումանյանը:

Առաջարկվող երկրորդ փոփոխությունն առնչվում է ակադեմիական հիմքով տարկետման առավելագույն տարիքային շեմին: Ըստ այդմ` Հայաստանում ուսումնառության համար զինծառայությունից տարկետում կտրվի մինչև 28 տարեկանը` ներկայում գործող 27 տարեկանի փոխարեն:

«Այժմ զորակոչի տարիքը մինչև 27 տարեկանն է: Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ նշանակալի նվաճումների համար տարկետում ստացած սովորողներն ասպիրանտուրայի երկրորդ կուրսում արդեն իսկ զորակոչվում են բանակ՝ օրենքի պահանջի համաձայն: Այս խնդիրն առաջացել է հանրակրթության տևողության փոփոխության պատճառով: Հանրակրթության տևողությունը նախկինում 10 տարի էր, այժմ դարձել է 12 տարի, ինչով պայմանավորված կրթության ցիկլի տևողությունը երկարաձգվել է, մինչդեռ 27 տարվա շեմը մնացել է անփոփոխ: Նախագծով առաջարկում ենք ուսումնական հիմքով զորակոչից տարկետման իրավունքի տարիքային շեմը մեկ տարով ավելացնել և սահմանել 28 տարեկանը, որով կլուծվի խնդիրը»,- ասել է նախարարը:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է ԱԺ պատգամավոր, նշված հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել